Հայաստանում էր ամերիկյան աշխատանքային խումբը

30 Մարտի, 2013 00:00
ՀՀ զինված ուժերում «Մարտադաշում վիրավորներին առաջին բուժօգնության ցուցաբերում» դասընթացի կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ս.թ. մարտի 25-ից 29-ը Հայաստանում էր գտնվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության և Կանզասի ազգային գվարդիայի աշխատանքային խումբը:

Մայիս ամսին մեկնարկող դասընթացը բաղկացած է լինելու երկու մասերից` ականադաշտում ստացված վնասվածքների դեպքում և վիրավորվածներին դաշտային պայմաններում անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը: Դասընթացը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից: ԱՄՆ եվրոպական հրամանատարության և Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական, ինժեներական զորքերի վարչությունների և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի և ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես նշված դասընթացի կազմակերպմանը, այնպես էլ այդ ուղղությամբ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ և ծանոթացել բրիգադի բժշկական դասակի կողմից իրականացվող խնդիրներին և բրիգադի բժշկական կարողություններին:
  • Տարածել