Ամփոփվել են «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները

27 Մարտի, 2012 00:00
Ս.թ. մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցների հետ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ մարտունակ բանակ ունենալու գրավականն է նաև գաղափարապես կայուն հասարակություն ունենալը, որի հզոր ուժ է կազմում երիտասարդությունը. «Գաղտնիք չէ, որ անկախությունը ձեռք են բերում և պահպանում են ոչ միայն զենքով, այլև մտքով և գաղափարով: Հետևապես ունենալ ազգային հոգևոր արժեքներով դաստիարակված երիտասարդություն՝ ասել է, թե ունենալ մեր այդքան թանկ գնով ձեռք բերված անկախության պահպանման երաշխիքը: Այս առումով, մեծ է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի նշանակությունը երիտասարդության և զինված ուժերի անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության` աճող սերնդին հայոց պատմությանն ու մշակույթին հաղորդակից դարձնելու, մեր պատմության հերոսական էջերի ոգով կրթելու գործում: Երկրի պաշտպանունակության, ազգային անվտանգության ապահովումը ողջ ժողովրդի, հասարակության յուրաքանչյուր անդամի սուրբ պարտականությունն է և դա լիարժեք գիտակցելու համար անհրաժեշտ է ամենօրյա, հետևողական աշխատանք տանել հասարակության և առաջին հերթին աճող սերնդի ու երիտասարդության շրջանում: Պատահական չէ, որ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները եղել և մնում են մեր պետության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Շնորհակալություն հայտնելով անցած երկու տարվա ընթացքում Ձեր կողմից կատարված մեծ ու կարևոր աշխատանքի համար` «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի բոլոր մասնակիցներիդ մաղթում եմ հաջողություն և համատեղ բեղմնավոր աշխատանք»,- իր խոսքում նշել է նախարար Սեյրան Օհանյանը: Ելույթներով հանդես են եկել նաև ծրագրին մասնակցած պատմության և մշակույթի մի շարք գործիչներ, որոնց, հանդիպման ավարտին, նախարար Սեյրան Օհանյանը հանձնել է գերատեսչական պարգևներ: ՀՀ պաշտպանության նախարարության Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցել են հանրապետության հեղինակավոր գիտակրթական 14 հաստատությունների 163 պատմության և մշակույթի գործիչներ՝ գիտնականներ, արվեստագետներ, պատմաբաններ: Նրանք 368 դասախոսություններով հանդես են եկել ավելի քան 241 զորամասերում:
  • Տարածել