Մամուլի Հաղորդագրություն

2 Մարտի, 2012 00:00
Փետրվարի 28-ից մարտի 1-ը Երևանում անցկացվեցին ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստման առաջին շտաբային բանակցությունները, որոնց մասնակցել են ՀԱՊԿ անդամ-պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հայաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները: Շտաբային բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են զորավարժությունների մտահաղացման հիմունքները, զորավարժություններում ներգրավվող զորախմբերի կազմը, ղեկավարման կազմակերպման խնդիրները և զորավարժությունների ծրագիրը:

Քննարկված բոլոր հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ-պետությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ Շտաբի ներկայացուցիչների միասնական տեսակետներն ամփոփվել են շտաբային բանակցությունների արդյունքներով ստորագրված արձանագրությունում: Ամփոփելով առաջին շտաբային բանակցությունների արդյունքները, ՀԱՊԿ Միացյալ Շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինը նշեց, որ ՀԱՊԿ շրջանակներում նման ծավալի զորավարժություն Հայաստանում պատրաստվում և իրականացվում է առաջին անգամ: Յուրահատկությունն այն է, որ կմասնակցեն ոչ միայն ռազմական կառույցները, այլև արտակարգ իրավիճակների, ներքին գործերի ստորաբաժանումները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Զորավարժությունը Հայաստանի տարածքում անցկացնելու որոշման մասին Անատոլի Նոգովիցինն ասաց. «Հայաստանի զինված ուժերը մեծ ջանասիրությամբ մասնակցում են բոլոր միջոցառումներին և շատ պատասխանատու են իրենց խնդիրների կատարման մեջ… Այս շտաբային բանակցություններն էլ Հայաստանից ենք սկսել, քանի որ ամենադժվարը նրա համար է լինելու, որովհետև, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, կազմակերպող երկիրն է իր վրա վերցնում խնդիրների ծանրության մեծ մասը: Մայիսին Աստանայում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որում կներկայացվի զորավարժության մտահղացումը, իսկ այդ կարևոր փաստաթղթի ձևավորման աշխատանքի պատասխանատվությունը դրված է ՀՀ պաշտպանության նախարարության վրա»: Շտաբային բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լենցովը նշեց, որ աշխատանք է տարվել այն հարցերի հստակեցման վրա, որոնք նախանշված էին զորավարժությունների ղեկավարության կողմից ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ: «Նախևառաջ մշակվել են ՀԱՊԿ շրջանակներում փոխօգնություն կազմակերպման հարցերը: Դա կբարձրացնի զորավարժության մասնակից զորամիավորումների շտաբների ներդաշնակ աշխատանքի մակարդակը, հայկական կողմը փորձ ձեռք կբերի, քանի որ նա է լինելու զորավարժության ղեկավարը և զորավարժության հիմքը կազմելու են Հայաստանի Զինված ուժերը, իսկ հավաքական ուժերի հրամանատարությունը իրականացնելու է Հայաստանի Զինված ուժերի հրամանատարությունը»: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆին շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը այս բանակցություններին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ իրենց ներկայության շնորհիվ մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն մարդասիրական խնդիրների հետ կապված հարցերը: «Որպես դիտորդ կարող եմ ասել, որ բանակցություններին մասնակցելու արտոնյալ դիրքում էինք, և իմ տպավորությունն այն է, որ աշխատանքներն անցան սահուն կերպով, հիմնական հարցերի վերաբերյալ ձեռք բերվեցին համաձայնություններ»: Շտաբային բանակցությունների մասին իրենց կարծիքն արտահայտեցին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները: Տաջիկստանի պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Զարիֆ Բոբոկալոնովի խոսքերով, բանակցություններն անցան բարձր մակարդակով, բավականին արդյունավետ և մասնակիցները եկան ընդհանուր հայտարարի: «Այս զորավարժությունների շնորհիվ մեր զինված ուժերը կողք կողքի կկատարեն իրենց առջև դրված խնդիրները, և կարծում եմ, որ շատ լավ փորձ ձեռք կբերենք ու ցույց կտանք, թե ինչպես ենք իրավիճակին տիրապետում մենք և ինչպես` մեր դաշնակիցները, այս կազմակերպությունում մեր զինակիցները»: Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները նույնպես իրենց գոհունակությունն արտահայտեցին շտաբային բանակցությունների հաջող և արդյունավետ աշխատանքի կապակցությամբ` նշելով կառուցողական երկխոսության կարևորությունը:
  • Տարածել