Սեյրան Օհանյանը մասնակցել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական գիտաժողովին

25 Հունվարի, 2012 00:00
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հունվարի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հոբելյանական գիտաժողով:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-համալսարան կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և մի խումբ դասախոսների, ինչպես նաև համալսարանական զոհված ազատամարտիկների հարազատների պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: ՀՀ ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը. Հոբելյանական գիտաժողովի սիրելի՛ մասնակիցներ, հարգելի՛ ներկաներ Յուրաքանչյուր տարեդարձ թերևս լավագույն պահն է` հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին, գնահատելու արվածն ու չարվածը, դրանք դիտելու պատմության հոլովույթում, ընդհանրացնելու այդ ընթացքում ձեռք բերված փորձը և իմաստավորելու կատարված աշխատանքը: Նման մի պահ էլ ՀՀ ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձն է: Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի նախօրեին պաշտպանության նախարարությունը և նրա թերևս ամենահին ու ակտիվ գործընկերներից Երևանի պետական համալսարանը նախաձեռնեցին հոբելյանական այս գիտաժողովը, որը տրամաբանական շարունակությունն է գիտամշակութային ասպարեզում զինված ուժերի և հանրապետության մայր բուհի համատեղ ջանքերի: Միայն անցած տարի տեղի ունեցան նման երկու խոշոր միջոցառում` «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովը, որի ամենաակտիվ մասնակիցներից մեկը վերստին Երևանի պետական համալսարանն էր, և ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի կողմից «Միացյալ Հայաս¬տան» կրթամշակութային արշավը դեպի Արցախ, որի շրջանակներում էլ Մարտակերտում տեղի ունեցավ «Կրթությունը ՀՀ անվտան¬գության համատեքստում» գիտագործնական կոնֆերանսը: Իսկ 2010 թվականի գարնանը բանակում մեկնարկած «Պատմության և մշակույթի էջեր» կրթաճանաչողական ընդգրկուն ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուր չորրորդը Երևանի պետական համալ¬սա-րանի դասախոս է: Այս համագործակցության ուսանելի օրինակներ են նաև ԵՊՀ ուսանողական խորհրդի, «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության և «Վարդանանք» հայրենասիրական ակումբի հետ իրականացվող հայրենաճանաչողական արշավներն ու մյուս նախաձեռնությունները: Երևանի պետական համալսարանը բացառիկ ավանդ ունի ինչպես Հայաստանում հիմնարար գիտությունների զարգացման, այնպես էլ նրա նվաճումների կիրառման ուղիների մշակման գործում: Արցախյան ազատամարտի տարիներին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աշխատակիցների ջանքերով պատրաստվեցին գնդակների ձուլման հատուկ կաղապարներ, իսկ քիմիական ֆակուլտետում Հայաստանում առաջին անգամ սինթեզվեց հրթիռային վառելանյութ: Նույն կերպ էլ համալսարանի այլ ֆակուլտետների դասախոսներ, պարբերաբար մեկնելով հեռու ու մոտիկ կայազորեր, զորամասերը դարձրեցին հայագիտական առարկաների կիրառության դաշտ: Զինվորների համար թերթելով հայոց պատմության հայտնի ու անհայտ էջերը, ծանոթացնելով հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի խճանկարի զարդանախշերին, պատմելով դրանք ստեղծած մարդկանց հանճարի ու հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումի մասին` նրանք զինվորին սովորեցրին սիրել հայրենիքը: Ի դեպ, տարբեր առիթներով ասել եմ և այժմ էլ կրկնում եմ, որ հայրենիքը սիրել ու պաշտպանել ինձ առաջինը սովորեցրել է իմ պատմության ուսուցիչը: Բանակը հստակ կանոնակարգված գործառույթներ իրականացնող կառույց է, և թվում է, թե դժվար չէր երկու տասնամյակի ընթացքում ստեղծել գիտականորեն հիմնավորված այն հիմքն ու անկյունաքարերը, որոնց վրա կխարսխվեին Հայաստանի Հանրապետության պատմության ու զարգացման շրջագծում զինված ուժերի դերի ու նշանակության մասին ճշմարիտ ու անկողմնակալ ըմբռնումները: Սակայն մինչ այժմ այս հարցերի պատասխանները որոնվել ու տրվել են զգացմունքային հարթությունում` նկատի չառնելով այն հանգամանքը, որ բանակը որչափ մեծ ու հզոր, նույնքան նուրբ ու զգայուն մարմին է: Չի կարելի բանակի մասին դատել ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նեղ շահերի, միջկուսակցական բախումների և, ի վերջո, տարբեր հանգամանքերի զուգորդման արդյունքում տվյալ պահին ձևավորված հասարակական տրամադրությունների լույսի ներքո: Դրանք անընդհատ փոխվում են, հարմարվում այսրոպեական իրողություններին, իսկ բանակը լուռ շարունակում է կատարել նույն գործառույթները, և անհասկանալի է դառնում, թե ինչու էին երեկ գովաբանում զինված ուժերին, այսօր անխնա քննադատում, իսկ վաղը վերադառնալու են երեկ չէ առաջին օրվա հայացքներին: Դրա պատճառը բանակի դերի գնահատման գիտականորեն հիմնավորված մեթոդաբանության բացակայությունն է, և համոզված եմ, որ այս գիտաժողովն առաջին լուրջ քայլերից մեկը կլինի` բանակի դերի ըմբռնման ասպարեզում ավելի լայն հայացքներ ձևավորելու և զգացմունքայինից դեպի անկողմնակալ դիրքեր անցնելու ասպարեզում: Այս ճանապարհին անհրաժեշտ է նկատի առնել նաև մեկ այլ կարևոր իրողություն: Զինված ուժերը միայն հրանոթների, հրթիռների ու տանկերի, այսինքն` կրակային խոցման և դրանցից պաշտպանվելու միջոցների պարզ համադրություն չեն: Բանակն ինքնին գիտատար հասկացություն է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ արդիական սպառազինության ձեռքբերման ու ամեն մարտահրավերի ռազմատեխնիկական առումով արձագանքել կարողանալու պարտադրանքով զինված ուժերը մեծ դեր են խաղում երկրի գիտությունն ու արդյունաբերությունն առաջ մղելու գործում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմում գործում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որի երկու աշխատակիցների զեկուցումները մենք կլսենք գիտաժողովի երկրորդ նիստում, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, որի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով ստեղծվեց նոր սերնդի հայկական բարձրտեխնոլոգիական զենքի առաջնեկներից մեկը` «Կռունկ» անօդաչու թռչող սարքը, Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում գործող ռազմանվագախմբային բաժինը: Իսկ պաշտպանական արդյունաբերության պատ¬վերների կատարման գործում ընդգրկված գիտահետազոտական հաստատությունների հետ իրականացվող աշխատանքներն ավելորդ եմ համարում մանրամասնել: Այնպես որ, հանդիսանալով գիտատար ասպարեզ, բանակն իր նկատմամբ պահանջում է գիտականորեն հիմնավորված մոտեցում: Անցած տարիներին մեր գիտնականների ջանքերով և պաշտպանության նախարարության աջակցությամբ բավական քայլեր են կատարվել այս ուղղությամբ: Կազմակերպվել են գիտական կոնֆերանսներ, սեմինարքննարկումներ, պաշտպանության նախարարության աջակցությամբ հրատարակվել են հայոց ռազմարվեստի պատ¬մությանը, կանոնավոր բանակի զինծառայողի արժեհամակարգին, Արցախյան ազատամարտի պատմության տարբեր դրվագներին նվիրված գրքեր և աշխատություններ, որոնց շնորհանդեսը կայացել է պաշտպանության նախարարությունում, և այդ հրատարակություններն իրենց տեղն են գտել ոչ միայն գիտական հաստատությունների գրադարակներում, այլև զորամասային գրադարաններում: Տարակույս չունեմ, որ հայկական բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված այս հոբելյանական գիտաժողովը խոշոր քայլ կլինի` մեր պատմության և հատկապես անկախության վերականգնմանը հաջորդած երկու տասնամյակների պատմության շրջագծում կանոնավոր բանակի ունեցած տեղի, դերի ու նշանակության ճիշտ սահմանման, պատմական օբյեկտիվ գործընթացների հոլո¬վույթում բանակաշինության ընթացքի գիտականորեն հիմնավորված գնահատման ասպարեզում: Միաժամանակ ուրախ եմ, որ այդ հարցերի պատասխանները որոնվում են համալսարանական ինքնին բարձր միջավայրում: Սակայն մեր խնդիրը չպիտի սահմանափակվի միայն հարցի քննությունը զգացմունքային մակարդակից դեպի պատմականորեն հիմնավորված գիտականահենք հարթություն տեղափոխելը: Բանակը ռազմատեխնիկական կառույցների ու գիտատեխնիկական ենթակառուցվածքների մի մեծ ու անընդհատ զարգացող ամբողջություն է: Բերեմ լոկ մի քանի բնութագրական օրինակներ: Քսան տարի առաջ ավտոմատը ձեռքին ու ռադիոկայանքը մեջքին մարտնչելուն զուգընթաց, զինվորական կապավորները մի քանի տարի անց ստեղծեցին զորքերի ավտոմատ ղեկավարման համակարգը, որն այժմ գտնվում է արդիականացման փուլում: Իրենց դժվարին խնդիրը պատվով կատարեցին նաև բժիշկները և վիրավոր մարտիկների շուրջ 80 տոկոսը, վերադառնալով շարք, շարունակեց պայքարը հանուն հաղթանակի: Խորհրդային ժամանակներում չիրականացնելով ռազմական նշանակության որևէ արտադրանքի սերիական արտադրություն` 1992 թվականին Հայաստանը գրեթե զրոյից սկսեց ռազմաարդյունաբերական համալիրի ստեղ¬ծումն ու կայացումը: Իսկ այսօր մեր ձեռնարկություններում է նորոգվում սպառազինության ու ռազմական տեխնիկայի ողջ տեսականին: Միաժամանակ, վերջին տասը տարիներին հսկայական աշխատանք է կատարվել նաև միջազգային ռազմական համագործակցության ասպարեզում: Զարգանում են երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների, Ուկրաինայի, Բելառուսի, Չինաստանի և Իրանի հետ: Իսկ ռազմաքաղաքական դաշինքների հետ համագործակցության հարթությունում մենք գործուն մասնակցություն ունենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ու Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերին, համատեղ աշխատում ենք ԵԱՀԿ-ի և մեր ամենահին` քսան տարիների գործընկեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Եվ նման բազմաբևեռ ու բազմաճյուղ ռազմական համագործակցությունը հուշում է, որ գիտական այսպիսի հավաքներում խոսք ունեն ասելու նաև միջազգայնագետները: Իսկ ընդհանրապես, հայկական բանակի ուղին և առաջիկայում անցնելիք ճանապարհի ուղենիշները հիմնարար ու կիրառական այլ գիտությունների քննարկման խնդիրներ են և պիտի մշակվեն ու հստակեցվեն այդ ասպարեզների գիտաժողովներում ու գիտագործնական կոնֆերանսներում, և շատ կցանկանայի, որ այսօրվա հավաքն օրինակ հանդիսանար նաև մյուս գիտությունների ներկայացուցիչների համար: Շնորհավորում եմ բոլորիս առաջիկա թանկ ու նվիրական տոնի առթիվ և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական գիտաժողովին մաղթում արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:
  • Տարածել