ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին
22 Դեկտեմբերի, 2011 00:00ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և մաղթել հաջողություններ դիվանագիտական հետագա աշխատանքում:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի ու Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում:
Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Կոսովոյում հունական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ձեռք բերած փորձն ու հմտությունները և նշել, որ չնայած Հունաստանը կրճատում է իր խաղաղապահների թվաքանակը Կոսովոյում, այդուհանդերձ Հայաստանի ու Հունաստանի միջև ռազմական համագործակցությունը այլ ուղղություններով զարգացման մեծ հեռանկարներ ունի: