Մամլո հաղորդագրություն

1 Փետրվարի, 2012 00:00
ՀՀ պաշտպաության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը: Նշվել է, որ այդպիսի արդյունավետ միջոցառում կարող է լինել առաջնագծում հրադադարի խախտման պատահարների անաչառ հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը: Սեյրան Օհանյանը և Ֆիլիպ Լեֆորը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր հեռանկարները:
  • Տարածել