Մամուլի հաղորդագրություն

24 Հուլիսի, 2013 00:00
Հուլիսի 24-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը այցելեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: Դեսպանին ընդունեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտնական-վերլուծաբաններ, ինչպես նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը: Դոկտոր Քոթանջյանը դեսպանին ներկայացրեց Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջնահերթությունները, ինչպես նաև ինստիտուտի` Պաշտպանական ազգային (հետազոտական) համալսարանի կերպափոխման գործընթացը: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը համառոտ ներկայացրեց ասոցիացիայի ծրագրերը` Հայաստանում քաղաքական գիտության զարգացմանն աջակցելու համատեքստում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բրիտանական դեսպանությունը Քեմբրիջի Իշխանի ծննդյան կապակցությամբ հայտարարել է նվերների ընդունման շաբաթի մասին, Հայկ Քոթանջյանը Պաշտպանության նախարարության անունից Քեմբրիջի նորածին իշխանին նվիրեց Հայաստանի էսթետիկական դաստիարակության մանկական կենտրոնի երեխաների կողմից նկարազարդված Մանկական Աստվածաշունչ հետևյալ մակագրությամբ. «Նորին գերազանցություն Քեմբրիջի Դքսին և Դքսուհուն: Խնդրում եմ ընդունել մեր սրտագին շնորհավորանքները, լավագույն ցանկությունները և այս եզակի Մանկական Աստվածաշունչը Քեմբրիջի արքայազնի ծննդյան կապակցությամբ: Աստվածաշնչի նկարազարդումները կատարվել են Երևանի էսթետիկ կրթության կենտրոնի հայ երեխաների կողմից, կենտրոն, որը տարիներ առաջ հիմնադրվել էր իմ ընկեր և արվեստի հայտնի գործիչ Հենրիկ Իգիթյանի կողմից: Աստվածաշունչն իր մեջ կրում է սիրո և խաղաղության բացառիկ ուղերձ: Թող այս սուրբ Աստվածաշունչը` պատրաստված տաղանդավոր հայ երեխաների կողմից, երջանիկ և առողջ երկար տարիների կյանք պարգևի նորածին Քեմբրիջի արքայազնին ի փառս Մեծ Բրիտանիայի թագի և բրիտանական ժողովրդի»: ՀՀ Պաշտպանության նախարարության անունից` գեներալ-մայոր, դոկտոր Հայկ Քոթանջյան, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ:
  • Տարածել