ՀՀ զինված ուժերում ստեղծվելու է հանցագործությունների կանխարգելման հարցերով աշխատանքային խումբ

10 Հոկտեմբերի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Հանդիպման արդյունքում պաշտպանության նախարարի և զինվորական դատախազի միջև համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման և պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որը կվերանայի զինված ուժերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը և առաջարկություններ կմշակի դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, շեշտվել է ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան հանցակազմերի համար պատժաչափերի խստացման և դրա արդյունքում ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և այլ իրավական ակտերի դրույթների վերանայման անհրաժեշտությունը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել փորձագիտական ակտիվ օժանդակություն ցուցաբերել աշխատանքային խմբի գործունեությանը:
  • Տարածել