Մամլո հաղորդագրություն

3 Հոկտեմբերի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով հոկտեմբերի 3-ից 14-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անց է կացվում «Անվտանգության ոլորտի ռեսուրսների կառավարումը» խորագրով միջգերատեսչական դասընթաց:

Դասընթացի անցկացման համար Երևան է ժամանել ԱՄՆ Մոնթերեյ քաղաքում տեղակայված Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի դասախոսական խումբը: Ռազմավարական պլանավորման ուղղվածության և միջգերատեսչական բնույթի այս դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ներգրավված են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման գործընթացում: Դասընթացի ժամանակ ուսումնասիրվելու են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մարդկային, ֆինանսական ռեսուրսների և ծրագրերի կառավարումը, նյութատեխնիկական ապահովումը, պլանավորումը, ինժեներական նախագծումը, և տնտեսական ծրագրերի գնահատումը: Դասընթացին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, կապի և տրանսպորտի, էներգետիկայի և բնական պաշարների, ֆինանսների նախարարությունների, Ազգային Ժողովի պաշտպանության և ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների, Ոստիկանության և Ազգային ավտանգության խորհրդի աշխատակազմի փորձագետները:
  • Տարածել