ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես
21 Սեպտեմբերի, 2011 00:00Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զորահանդես:
Զորահանդեսին մասնակցել են ՀՀ զինված ուժերի բանակային կորպուսների, ռազմական ոստիկանության, խաղաղապահ բրիգադի, առանձին հատուկ նշանակության բրիգադի, ԼՂՀ պաշտպանության բանակի, ՀՀ ոստիկանության զորքերի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Զորահանդեսին առաջին անգամ մասնակցել են նաև արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների և զինված ուժերի հոգևոր սպասավորների շարասյուները:
Զորահանդեսի ժամանակ Հանրապետության հարապարակով անցել են զինված ուժերի հետախուզական, մոտոհրաձգային, տանկային, զրահատանկային, հրթիռային զորքերի և հրետանու, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները:
Զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռազմական տեխնիկայի մեջ ներկայացված են նաև հայկական ռազմարդյունաբերության արտադրանքներ, ինչպիսիք են, օրինակ, անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև հայրենի ռազմարդյունաբերության ձեռնարկություններում արդիականացված զենիթահրթիռային համալիրները, հրետանային հետախուզության և կրակի կառավարման ավտոմատացված համակարգերը:
Զորահանդեսի հրամանատարն էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Զորահանդեսն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ շնորհավորական ելույթով: