Ստեփան Վահանի Միրզոյան

19 Մայիսի, 2013 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:

Ստեփան Միրզոյանը ծնվել է 1945թ. նոյեմբերի 8-ին Երևան քաղաքում: 1964թ. զորակոչվել է խորհրդային բանակ: 1968թ. ավարտել է Բաքվի համազորային բարձրագույն ուսումնարանը: 1974թ. Ստեփան Միրզոյանն արդեն Մոսկվայի Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիայի ունկնդիր էր, ավարտելուց հետո, որդպես գնդի շտաբի պետ, գործուղվել է Միջնասիական զինօկրուգ: 1979-1984թթ. զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ ԽՍՀՄ զինված ուժերում, 1984թ. նշանակվել է Պանֆիլովյան դիվիզիայի շտաբի պետ և որպես ազգային դիվիզիայի հրամանատարի խորհրդատու՝ զինծառայության է գործուղվել Աֆղանստան: 1990թ. անձնական խնդրանքով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և նշանակվել է Հանրապետական զինկոմիսարիատում՝ որպես զորահավաքային բաժնի պետ-զինկոմի տեղակալ: Ստեփան Միրզոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան պատերազմին, նշանակալի է եղել նրա ներդրումը ՀՀ սահմանների ինքնապաշտպանության և հայոց նորաստեղծ բանակի կազմավորման և կայացման գործում: 1994թ. նշանակվել է ՀՀ ՊՆ կադրերի վարչության պետ, իսկ 1997թ.՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար: 2000-2007թթ. զբաղեցրել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնը: Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ և Աֆղանստանի պետական շքանշաններով ու բազմաթիվ գերատեսչական մեդալներով, ինչպես նաև պատվոգրերով, շնորահակալագրերով և թանկարժեք նվերներով, անվանական զենքով: Ամուսնացած էր, ուներ 2 որդի: Ստեփան Վահանի Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 18:00-ին, գյուղ Այնթափում՝ 11-րդ փողոց, տուն 33: Հուղարկավորությունը՝ մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին, նույն հասցեից: ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ստեփան Վահանի Միրզոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
  • Տարածել