Սեյրան Օհանյան. «Սպա լինելը աշխարհայացք է, իսկ զիվորական լինելը՝ ապրելակերպ»

30 Հուլիսի, 2011 00:00
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հուլիսի 30-ին տեղի է ունեցել 308 շրջանավարտների լեյտենանտի կոչման հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, շրջանավարտների հարազատներ:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ ՀՀ զինված ուժերի Հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ ռազմական ինստիտուտի սպաները բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին. «Դուք, համալրելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, նոր ու հաստատուն քայլերով զարկ եք տալիս մեր բանակի հզորացմանը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները կայացել են ու լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին: Խոսելով հասարակության մեջ սպայի դերի ու նշանակության մասին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Սպա լինելը աշխարհայացք է, իսկ զիվորական լինելը՝ ապրելակերպ: Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, պատասխանատու: Հավատացած եղեք, որ անբասիր ծառայությամբ աչքի ընկած հայրենիքի նվիրյալները հաստատուն քայլերով կբարձրանան վեր՝ լրացնելով հայ զորավարների փայլուն համաստեղությունը»: Անդրադառնալով սպաների սոցիալական ապահովության հարցերին` պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հետայսու սպաների և նրանց ընտանիքների խնդիրները լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանն իր ելույթում նշել է. «Ռազմական ինստիտուտն արդեն 17 տարվա պատմություն ունի, այն զգալի ներդրում է ունեցել ՀՀ զինված ուժերում: Այս ընթացքում 3500 սպաներ համալրել են ազգային բանակը՝ շարունակելով Հայաստանի զինված ուժերի հավիտենական երթը»:
  • Տարածել