Սեյրան Օհանյան. «Այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են»
22 Հուլիսի, 2011 00:00Արդեն ավանդույթ են դարձել սփյուռքահայ երիտասարդների այցելությունները պաշտպանության նախարարություն: Հայ բարեգործական ընդհանուր միության ծրագրերի շրջանակներում ամառային ուսումնական պրակտիկան Հայաստանում անցկացնող 21 սփյուռքահայ երիտասարդներին այսօր` հուլիսի 22-ին, ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ողջունելով երիտասարդներին` Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ սփյուռքահայ երիտասարդները, որպես հայ ժողովրդի մի մաս, հայրենիքին կարող են զորակցել իրենց գիտելիքներով: Խոսելով բանակ-հասարակություն կապի կարևորության մասին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Պաշտպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրային կապերին` փորձելով դրանք դարձնել առավելագույնս թափանցիկ: Մենք մշտապես ասում ենք, որ այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են»,-ընդգծել է նախարարը` հավաստիացնելով, որ նմանաբնույթ հանդիպումները նպաստում են սփյուռքահայ երիտասարդի մոտ հայրենաճանաչողության և ազգային ոգու բարձրացմանը:
Նախարարի հետ հանդիպումից առաջ ուսանողներն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ծանոթացել զինվորների առօրյային, շփվել հայրենակիցների հետ, եղել տարբեր տեսարժան վայրերում:
Հայ բարեգործական ընդհանուր միության համաշխարհային խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը սփյուռքահայ երիտասարդների մասին նշել է. «Նրանք օտար քաղաքացիներ են, սակայն ցանկանում են իրենց հայրենիքի մի մասը կազմել»:
Այնուհետև նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են Աֆղանստանում հայ խաղապահների առաքելությանը, հայկական բանակի մարտունակությանը, ղարաբաղյան հարցին, Հայաստանի վարած պաշտպանական քաղաքականությանը:
Նախարարի հետ հանդիպումից հետո սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել ապագա սպաների առօրյային, ուսումնական գործընթացին: Նրանք այցելել են նաև ինստիտուտի թանգարան, որտեղ սփյուռքահայ երիտասարդներին հանգամանալից ներկայացվել է արցախյան պատերազմի պատմությունը: