ՀՀ զինված ուժերի հետախույզի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում պաշտպանության նախարարությունում

5 Նոյեմբերի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 5-ին հանդիսավորությամբ նշվել է Զինված ուժերի հետախուզության վարչության ստեղծման 19-րդ տարեդարձը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, հետախույզ զինծառայողների հարազատներ: Մինչ միջոցառման մեկնարկը նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և հյուրերը ծանոթացել են հետախույզների զինանոցում առկա զենքերին, օգտագործվող հանդերձանքին, կապի և դիտարկման մասնագիտական միջոցներին։ Հետախույզներին ուղղված շնորհավորական ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԶՈՒ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Արշակ Կարապետյանն իր ելույթում ասել է, որ յուրաքանչյուր բանակի հզորությունը և մարտունակությունը մեծամասամբ կախված է մարտական հետախուզությունից. «Պատերազմում հաղթում են այն բանակները, որոնք ունեն հստակ տեղեկություն և ընդունում են ճիշտ որոշումներ»,- ընդգծել է հետախուզության վարչության պետը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով և շնորհավորելով հետախույզներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է, որ հայ հետախույզների շնորհիվ վերջին տարիներին բազմիցս հայտնաբերվել և չեզոքացվել են հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն-հետախուզական գործողություններն ու փորձերը: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Հետախուզական ստորաբաժանումները փառապանծ ճանապարհ են անցել և այսօր կարելի է փաստել, որ մեր զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն ի սկզբանե կազմավորվել և գործել են՝ հետախուզական առանձնահատկություններից և սկզբմունքներից ելնելով: Հենց դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հետախույզները միշտ եղել են որպես առաջապահներ, այսինքն՝ ինչպես ընդունված է իրենց մոտ ասել՝ եղել են մեր բոլորիս աչքերն ու ականջները: Առանց հետախուզական խնդիրներ կատարելու ինչպես արցախյան գոյապայքարի ժամանակ, այնպես էլ այսօր մենք ի վիճակի չենք հասնել հաջողությունների: Կարծում եմ՝ հետախույզները թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե՛ այսօր իրենց առջև դրված խնդիրները բավականին բարձր են կատարում: Նրանց միջանձնային հարաբերություններում առաջնային են փոխադարձ հարգանքն ու վստահությունը, դժվարագույն պայմաններում հրամանատարը ենթակային, ենթական հրամանատարին միշտ օգնելու պատրաստականությունը. հետախույզները խնդիրներ են կատարում՝ գտնվելով հավասարաչափ վտանգավոր պայմաններում: Ջերմորեն շնորհավորում եմ հայոց բանակի բոլոր հետախույզներին այսօրվա տոնի կապակցությամբ և ցանկանում առաջին հերթին քաջ առողջություն, երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ մեր այս սրբազան և բարձր գնահատանքի արժանի ծառայության մեջ»: Տոնական միջոցառումը շարունակվել է հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով: Միջոցառման ավարտին հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:
  • Տարածել