ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողով

9 Հուլիսի, 2011 00:00
Հուլիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովը:

Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, զորամասի, գումարտակի, դիվիզիոնի, վաշտի, մարտկոցի հրամանատարներ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթում մասնավորապես ասել է. «Հարգելի հյուրեր, պարոնա՛յք գեներալներ և սպաներ, կոնֆերանսի մասնակիցնե՛ր Ողջունում եմ բոլորիդ երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման գրեթե 20 տարիների ընթացքում առաջին անգամն է անցկացվում նման ընդգրկուն հավաք-կոնֆերանս, որին մասնակցում են և՛ բանակի ստեղծման ակունքներում կանգնած, և՛ միջին սերնդի, և՛ տակավին երիտասարդ սպաներ, և, այս իմաստով, այսօր հիրավի հիշարժան օր է: Այսպիսի համաժողովի կազմակերպումը Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում և ՀՀ Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությունը, ինքնին վկայում են, որ մեր բանակի երիտասարդ սպաների ծառայողական, կենցաղային ու մյուս բոլոր հիմնախնդիրներն իսկապես գտնվում են պետության ղեկավարության, պաշտպանության նախարարության ղեկավար կազմի և ողջ հրամանատարության հոգածության ներքո: Պարզ է նաև, որ կոնֆերանսի կազմակերպումն ինքնանպատակ չէ: Այն առաքելություն ունի հաստատելու երիտասարդ սպայի վիթխարի տեղն ու դերը հայոց զինված ուժերի մարտունակության և ընդհանրապես պետության պաշտպանունակության գործում և հավաստելու մեր զինված ուժերի ողջ անձնակազմի միակամության, փոխադարձ վստահության և հարգանքի, սերնդափոխության առողջ ընթացքի մասին: Բովանդակության առումով կոնֆերանսի անցկացումն ինձ համար կրկնակի կարևոր ու անհետաձգելի է, քանի որ մենք այսօր հստակ որոշում ենք կայացրել` «Դեմքով շրջվել դեպի երիտասարդ սպան»: Ըստ իմ անկեղծ կարծիքի` մարտունակության բարձրացման չափազանց ճկուն մեխանիզմ, որը մեծ արդյունավետությամբ կգործի, եթե երիտասարդ սպան գիտակցի, որ հիմա` հենց այս երիտասարդ տարիքում ինքը պիտի անխնա աշխատի, որ միայն հիմա է ի վիճակի կրելու ծառայության բոլոր դժվարությունները և ամենամեծ պահանջները դնելու իր անձի առջև: Ես կուզենայի երիտասարդ սպաներիդ որոշ ուղեցուցային խորհուրդներ տալ, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, ուրվագծել մեր զինված ուժերում այսօր իրականացվող հիմնական գործընթացները: Ինչպես սպայական ուսադիրներ կրող յուրաքանչյուր ոք, դուք ևս պետք է հստակ պատկերացնեք, թե ինչ ծրագրեր են իրագործվում զինված ուժերում և ինչու` դրանց շարունակականությունն ապահովելու համար: Սկսեմ նրանից, որ լավ սպային բնութագրող առաջին հատկանիշն է պետության ներսում և հասարակության մեջ իր տեղի և դերի խորը գիտակցությունը: Համոզված եմ, որ բոլորդ արդեն գերազանց պատկերացնում եք արհեստավարժ զինվորականի և հատկապես սպա-հրամանատարի մասնագիտությանը զուգակցվող դժվարություններն ու զրկանքները: Եվ այս պայմաններում մասնագիտության նշանակության և ստանձնած պարտավորության գիտակցությունն է, որ ուժ ու եռանդ է տալիս երիտասարդին իր ճանապարհը հարթելու գործում: Նշյալ ահռելի պարտավորությունն առավել պատկերավոր ներկայացնելու համար կցանկանայի բերել հետևյալ օրինակը. եթե ուսուցիչն ու դասախոսը պատասխանատու են կրթության որակի համար, իսկ բժիշկը` անհատի առողջության համար, ապա դուք պատասխանատու եք մի ամբողջ ազգի անվտանգության և այդ ազգի` արյան գնով ձեռք բերած պետականության պահպանման համար: Այդ հսկայական պատասխանատվությունը հավասարաչափ բաշխված է բոլորիս միջև, և միաժամանակ յուրաքանչյուրինս է ամբողջովին: Եվ միայն նա, ով ծառայում է այդ պատասխանատվության խորը գիտակցությամբ, սպա կոչվելու իրավունք ունի: Ներկայումս ՀՀ զինված ուժերում իրականացվում են նախկինում նախադեպը չունեցող ծավալուն աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են Հայոց բանակի հզորացմանն ու վերջինիս կարողությունների համապատասխանեցմանը առկա մարտահրավերներին: Նշյալ ծավալուն գործընթացը մենք հակիրճ անվանում ենք «զինված ուժերի զարգացում», որի որակից ու արդյունքներից է կախված մեր երկրի անվտանգությունը: Խոսելով զինված ուժերի զարգացման մասին` կուզենայի նշել, որ այդ գործընթացի համար հիմք հանդիսացավ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը»: Այս գործընթացի ավարտը, որը տեղի ունեցավ մոտ մեկ ամիս առաջ, թույլ տվեց ուրվագծել մեր զինված ուժերի զարգացման հետագա ուղղությունները` ըստ առաջնայնությունների: Չնայած բարեփոխման ու վերանայման են ենթարկվում մեր զինված ուժերի բոլոր բնագավառները, դրանցից առավել առաջնայիններն են զորային պլանավորման, ռազմական արդյունաբերության, նյութատեխնիկական ապահովման, կադրերի կառավարման համակարգերի ու պրակտիկայի կատարելագործումը, ինչպես նաև պահեստազորի անձնակազմի և մարտական պատրաստության ծրագրերի բարելավումը: Կուզենայի ձեզ տեղեկացնել ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին. մենք կընդլայնենք բազմաստիճան ռազմական կրթություն ապահովելու մեր ազգային կարողությունները` հարթելով ձեր առաջխաղացման ուղին: Ոչ պակաս կարևորում եմ պայմանագրային սերժանտական համակարգի ներդրումը, որը կրտսեր հրամանատարական լիովին նոր ավանդույթներ կստեղծի զինված ուժերում` զգալիորեն թեթևացնելով սպաների աշխատանքը և հնարավորություններ տալով նրանց առավել կենտրոնանալ ենթակա ստորաբաժանումների մարտունակության բարձրացման խնդիրների վրա: Տվյալ նպատակների իրականացումը ակտիվ ջանքեր ու անձնվեր աշխատանք է պահանջելու ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներից, այլև զինված ուժերի ամբողջ անձնակազմից: Եվ այդ աշխատանքի բեռը, ինչպես նաև դրա որակի պատասխանատվությունն ընկնելու է հատկապես երիտասարդ սպայի ուսերին: Այստեղ նստածներիդ մեծամասնությունը վաշտի, մարտկոցի հրամանատարներ են և պետք է լիովին գիտակցեն իրենց աշխատանքի կարևորությունը: Ես միշտ ասել ու հիմա էլ կրկնում եմ` որպեսզի մենք կարողանանք զինված ուժերի հրամանատարական կազմի միտքը` պլանավորված միջոցառումները, իրապես կենսագործել, պետք է կայացնենք այն օղակները, որոնց վրա է հիմնականում դրված գործնական աշխատանքի ծանրությունը: Դա վաշտ-մարտկոց օղակն է: Անտիկ շրջանի հռոմեացի մի փիլիսոփա գրել է. «Այն, ինչ պիտի ելնի ամենաբարձր տեղը, սկիզբ է առնում ամենաներքևներում»: Կենսականորեն անհրաժեշտ է, որ պաշտպանության նախարարի կամքն ու նպատակը ամրապնդվեն նրանից բազմաթիվ աստիճաններ հեռու, իր ամենօրյա մտորումներում իշխող մարտական յուրաքանչյուր միավորումում` հատկապես գումարտակում, դիվիզիոնում, վաշտում, մարտկոցում, դասակում, ջոկում, հաշվարկում, անձնակազմում: Համոզվա՛ծ եղեք` հաջողություն ունենալու համար հենց այս` ամենացածր օղակներից է պետք սկսել` ձեր ենթակայության տակ գտնվող օղակներից, այսինքն` հաջողության կամ ձախողման հիմքը դնում եք հենց դուք: Իսկ հաջողությունը կամ ձախողումը միայն մերը չեն, դրանք մեր դեպքում համապետական ու համահայկական են: Կարելի է վստահաբար ասել` ոչ մի բարեփոխում չի կարող արդյունավետ լինել, եթե այն չընկալվի կրտսեր հրամանատարի կողմից, քանի որ հենց նա է այդ բարեփոխումներն իրականացնողը: Բացի այդ, նշյալ առաքելությունը կյանքի կոչելու համար երիտասարդ հրամանատարից կպահանջվի մի շարք որակական հատկանիշների առկայություն: Հայրենիքին, զինվորական երդմանը նվիրված, բարեկիրթ, խելացի, պատվախնդիր, սկզբունքային, պատասխանատու, համարձակ, համբերատար, ազնիվ, աշխատասեր, համեստ, բարոյապես անաղարտ, արդարամիտ, հռետորական ձիրքով և հումորի զգացումով օժտված, ենթակայի նկատմամբ խստապահանջ ու միաժամանակ բարյացակամ ու հոգատար. միայն այսպիսի հատկանիշներ կրող անհատները կարող են իրականացնել հայ սպայի ռազմական առաքելությունը: Այստեղ տեղին կլինի հնչեցնել Հանրապետության նախագահի հետևյալ խոսքերը. «Միջնադարյան հայ ազնվականության առաքելության այսօրվա կրողները, ռազմական ավանդույթների ժառանգորդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպաներն են, որոնք մեր հասարակության ամենապատրաստված շերտն են` թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիքներով, թե՛ ֆիզիկապես: Սպայակազմը պետության ողնաշարն է: Այն ամուր է և ուղիղ այնքանով, որքան նրա սպայակազմը»: Շատ կարևոր է, որպեսզի հրամանատարը կարողանա հասկանալ ենթակայի հոգսերն ու աջակցել վերջինիս: Ենթակաները պետք է զգան, որ հրամանատարը հոգատար է իրենց հանդեպ, մտածում է իրենց մասին: Ցանկալի է, որպեսզի հրամանատարը կարողանա երբեմն իրեն զգալ ու հանդես գալ որպես զինվոր, այսինքն` մտնել զինվորի վիճակի մեջ, հասկանալ նրան, պատկերացնել այն դժվարությունները, որոնք զինվորները պետք է հաղթահարեն: Զինվորը պետք է տեսնի, որ հրամանատարն իր հետ կիսում է ծառայության ողջ դժվարությունը: Օրինակ` հիշենք 2008 թվականի այն դեպքը, երբ 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը (ներկայումս` ՄՊՎ-ում ավագ սպա) իր մարմնով նռնակի բեկորներից ծածկել էր ենթակա զինվորին, կամ 2010 թվականի մայիսին տեղի ունեցածը, երբ 21127 զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արմեն Հարությունյանը (ներկայումս` նույն զորամասում վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ) երկու վիրավոր ենթականերին դուրս էր բերել ականապատված դաշտից: Հիմա, դո՛ւք դատեք, ինչպե՞ս կարող են ծառայության ինչ-որ հարցում զլանալ նույն այդ հրամանատարների ենթակայությամբ ծառայող մյուս զինվորները, ովքեր ականատեսն են այս ամենի: Վերը նշվածը նաև անձնական օրինակի փայլուն դրսևորում է, իսկ դաստիարակության այս մեթոդը նույնպես անչափ արդյունավետ է և զինվոր-հրամանատար հարաբերություններում մեծ դեր է խաղում: Ցանկացած բանակի մարտունակության բարձրացման ամենագլխավոր ու թերևս անփոխարինելի գրավականը եղել ու մնում է ազնիվ գաղափարներով թրծված և իր ծառայողական ու մասնագիտական պարտականություններին լավագույնս տիրապետող զինվորը: Իսկ նման որակներով օժտված զինվոր դաստիարակելու համար առաջին հերթին ինքներդ պիտի լինեք այդպիսին` օրինակ ծառայելով ձեր ենթակաների համար: Անկասկած, բոլոր հաջողությունները, մանր ու մեծ ձեռքբերումները կայանում են հրամանատար-ենթակա ամուր կապի, փոխադարձ հարգանքի ու վստահության շնորհիվ: Եվ ընդհակառակը` գրեթե բոլոր դժբախտ պատահարների ու թերացումների պատճառը բոլոր կարգի հրամանատարների ու ենթակաների ոչ ճիշտ փոխհարաբերություններն են, մի դեպքում` հրամանատարի ոչ ճիշտ մոտեցումը, մի այլ դեպքում` ենթակայի ոչ գիտակցական վերաբերմունքը: 2011 թվականի առաջին կիսամյակը հայտարարվել է «Կարգապահության ամրապնդման կիսամյակ»: Կուզենայի հատուկ ընդգծել Ձեր` երիտասարդ սպաներիդ մեծ դերը զինված ուժերում կարգապահության ամրապնդման առումով: Այստեղ ձեզանից իսկապես շատ բան է կախված, քանի որ հենց երիտասարդ սպան է զինվորին ամենամոտը կանգնած: Ինչպես նշեցի, դուք, զինվորների համար հանդիսանալով հրամանատար և առաջնորդ, նաև օրինակ եք ծառայում: Ուստի ձեր կարգապահության լավագույն դրսևորումը ինքնակարգապահությունն է, որը ներքին մտազգաստության հետ մեկտեղ, ձեզ համար պետք է դառնա կենսաձև: Միայն այդ դեպքում դուք բարոյական իրավունք կունենաք զինվորների հանդեպ լինելու խստապահանջ և զերծ կմնաք կամայականություններից: Տարվա սկզբին ես խոստացա առաջին կիսամյակից հետո պարգևատրել կարգապահության մեջ աչքի ընկած լավագույններին, որը կկազմի մեր բոլոր գումարտակների ու դիվիզիոնների, վաշտերի ու մարտկոցների ընդհանուր թվի 19 տոկոսը: Այսօր ես մեծ ուրախությամբ կկատարեմ իմ խոստումը` հայտարարելով նաև, որ բոլորիս նվիրված աշխատանքի շնորհիվ այս կարևոր ոլորտում, իրոք, հաջողությունն առկա է: Զինվորներն են բանակի ամենամեծ արժեքը, ում դուք պիտի փայփայեք ու սովորեցնեք այն ամենը, ինչ ժամանակին սովորեցրել են ձեզ, վերացնեք ձեր և ենթակաների միջև առաջացող հոգեկան անջրպետն ու նրանց դարձնեք ո՛չ թե նսեմացած և «կույր» ենթականեր, այլ ինքնուրույն մտածող, նախաձեռնող ու համարձակ մարտիկներ: Հավատացնում եմ, որ այդպիսի ենթականեր ունեցող պետն է միայն ունակ իր ստորաբաժանման կազմով մեծ հաջողության հասնելու: Ինձ վրա մեծ տպավորություն է գործել ռուսական պատմությունից մի դրվագ: 1725թ. Հյուսիսային պատերազմում փառաբանված իշխան գեներալ-ֆելդմարշալ Գոլիցինը Շլիսելբուրգի (Նոտեբուրգի) գրավման ժամանակ` երկու անհաջող գրոհից հետո, ստանում է թագավորի կտրուկ հրամանը` անհապաղ նահանջել ամրոցի պատերից: Հրամանը չկատարելու դեպքում թագավորը սպառնում է, որ գլուխը կպոկի ուսերից (այսինքն` մահապատժի կենթարկի): Սակայն իշխանը չվախեցավ պատասխանել, որ իր գլուխը վաղը ևեթ կլինի թագավորի տրամադրության տակ, իսկ այսօր նա դեռևս կծառայի իրեն, և երրորդ գրոհով վերցրեց ամրոցը: Արդյունքում գլուխը կորցնելու փոխարեն` իշխանը մեծարվում է: Երբեք մի՛ մոռացեք, որ ձեզ բարձրացնո՛ղն էլ, նսեմացնո՛ղն էլ զինվորն է: Նրա հետ են կապված ձեր հաջողությունները և, ամենակարևորը, անխուսափելիորեն միմյանց են փոխկապակցված նաև ձեր ճակատագրերը: Այս մասին շատ դիպուկ է ասել ռուս մեծ իշխան և զորավար Դմիտրի Դոնսկոյը` Կուլիկովյան հայտնի ճակատամարտից առաջ հանդես գալով զորքի առջև. «Իմ սիրելի՛ եղբայրներ, ահեղ օրը մոտեցել է,- ասել է նա,- մենք վաղը ճակատամարտելու ենք, և բոլորս խմելու ենք նույն գավաթից»: Ահա սա՛ պիտի գիտակցի յուրաքանչյուր հայ սպա, որ Աստվածաշնչում հիշատակվող «դառնության բաժակը» ինքը անհրաժեշտության դեպքում իր զինվորի հետ պիտի խմի: Զինվորների համար դուք պետք է լինեք ուսուցիչ ու առաջնորդ, այն մեկը, ով արևի, անձրևի թե ձյան տակ մշտապես քայլում է բոլորի առջևից, ծառայության ընթացքում խստորեն պահանջում, իսկ դժվար պահին` թիկունք կանգնում զինվորին: Այդպիսին եմ պատկերացնում մեր բանակի սպային ու հրամանատարին: Դուք եք մեր բանակի ապագան, մեր բանակի ապագայի բարձրաստիճան հրամանատարները: Այժմ մշակվում են զինվորական պաշտոնի նշանակման և առաջխաղացման առավել արդար, ճկուն ու թափանցիկ մեխանիզմներ, զարգացվում է զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման ասպարեզում հանրապետության ղեկավարության և պաշտպանության նախարարության որդեգրած ուղեգիծը: Մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպայի կերպարն ու նրա վարքագիծը լինեն ամենադրվատելին ու ամենաօրինակելին, և չեմ խուսափում այս բառերն ասելուց, հասարակության մեջ դուք պիտի իրապե՛ս բարի նախանձ առաջացնող դիրք ունենաք: Մենք ընտրել ենք այս ճանապարհը, և տարակուսանք չունենաք, որ հասնելու ենք մեր նպատակներին: Հույս ունեմ, որ դուք ևս ջանքեր կգործադրեք դրանք իրագործելու համար: Հայ ժողովուրդը սիրում է իր բանակն ու հավատում նրան: Արժանի՛ եղեք այդ վստահությանը ձեր անմնացորդ ու նվիրված ծառայությամբ: Մեջբերեմ լուսահոգի Վազգեն Սարգսյանի դիպուկ խոսքերը. «Հայոց բանակի սպան պետք է ամենաարտոնյալ խավը լինի հանրապետությունում: Դա ոչ այնքան սպային է պետք, որքան` հասարակությանը»: Հավատացա՛ծ եղեք, որ հանրապետության ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ողջ հասարակությունը կանգնած են ձեր թիկունքին և չեն խնայում ձեզ համար ոչինչ: Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ բոլորիս միասնական կամք ու եռանդ, նվիրում և պատվախնդրություն: Համոզված եմ, որ դուք կլինեք Հայրենիքի արժանի պաշտպանները և մեր ընդհանուր գործի իսկական նվիրյալները: Շնորհակալությո՛ւն ուշադրության համար»:
  • Տարածել