Ռազմահայրենասիրական դաստիարակության թեմայով միջգերատեսչական ամփոփիչ նիստ

16 Դեկտեմբերի, 2011 00:00
Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների և ՀՀ ոստիկանության պետի համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախազորակոչային պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2011 թվականին իրականացված աշխատանքները, նախանշվել 2012-ին իրականացվելիք համատեղ ծրագրերը:

Նիստի ընթացքում վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփիչ զեկույցներով` նշելով կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները: Ողջունելով ներկաներին` ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը իր զեկույցում մասնավորապես ասել է. «ՀՀ ՊՆ և ԿԳՆ կողմից ուսումնական հաստատություններում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցառումների արդյունավետ կազմակերպման համար 2011թ. ընթացքում պարբերաբար կազմակերպվել են այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի աշխատանքային հանդիպումներ, կատարվել են ուսումնասիրություններ, դպրոցներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետ կազմակերպման համար կարևոր խթան են հանդիսացել պաշտպանության նախարարության աջակցությամբ աշակերտների այցելությունները «Մայր Հայաստան» և «Սարդարապատ» թանգարաններ, Վազգեն Սարգսյանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտներ, ՀՀ ԶՈՒ զորամասեր, հայոց զինական արվեստին ու պատմությանն առնչվող պատմական վայրեր ու հուշահամալիրներ: Այս տարի կազմակերպվել է 434 այցելություն` 5640 մասնակիցներով: Զինված ուժերի բոլոր զորամասերին կցագրված հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում լայն արձագանք գտան «Ես քո կենդանի սուրն եմ, Հայրենիք» և «Ես հավատում եմ քեզ, զինվոր» թեմաներով շարադրությունների հանրապետական մրցույթները: Առավել հաջողված 25 աշխատանքների հեղինակները պաշտպանության նախարարի հրամանով խրախուսվեցին պատվոգրերով ու արժեքավոր նվերներով: Բանակային ուսումնական կենտրոններում և զորավարժարաններում մեծ մասսայականությամբ անցան «Կորյուն» ռազմամարզական խաղերը: ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից այս տարի առաջին անգամ անցկացվեց նաև հանրապետական օլիմպիադա: Արժանահիշատակ են նաև Հայաստանի Ազգային հերոսներ Ջիվան Աբրահամյանի և Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-րդ և Գեղազնիկ Միքայելյանի 60-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումները, որոնք հայրենասիրության յուրօրինակ դաս էին միջոցառումներին մասնակցած դպրոցականների և ուսանողների համար»: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կարիք կա բազմապատկելու այն ուժերը, որ իրականացնում է պետությունը` երիտասարդության համապատասխան արժեքների վրա խարիսխված դաստիարակություն մատուցելու հարցում: Արմեն Աշոտյանը մասնավորապես ասել է. «Գաղտնիք չէ, որ մեր հասարակության որոշ հատվածների կողմից կան փորձեր՝ վարկաբեկելու ավանադական արժեքներ հանդիսացող և Հայաստանի Հանարապետության հասարակության համար մեծագույն վստահություն վայելող ինստիտուտների համբավը: Չեմ կարող չնշել այն հանգամանքը, որ խարսխված լինելով մի շարք ավանդական-ազգային արժեքների վրա` մեր ժողովրդի ողջ արժեհամակարգն այսօր պահպանման և պաշտպանության կարիք ունի այն ագրեսիայից, որը փոխանցվում է մեր հասարակություն ոչ այնքան բարեկամաբար տրամադրված շրջանակներից: Տարբեր գործիչներ փորձում են վարկաբեկել այն արժեքները, որ ավանադաբար կրել է հայ ժողովուրդը՝ հավատքը, բանակի և կրթության նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Պատահական չէ, որ տեղեկատվական դաշտում ամենահաճախ ագրեսիայի են ենթարկվում, անհարկի և ծայրահեղական գնահատականների են արժանանում հենց այս երեք համակարգերը»: Հանդես գալով ամփոփիչ խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նախազորակոչային տարիքի պատանիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության տարածումը` նշելով, որ քննարկված հարցերը ժամանակի պահանջ են՝ մեր երկրի անվտանգության ապահովման և մատաղ սերնդի գաղափարական դաստիարակության առումով: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. « Տարիների մեր կատարած աշխատանքը թույլ է տալիս ասելու, որ ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված թե΄ միջոցառումները, թե΄ արդյունքները առաջընթաց ունենում են: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բավարարվենք, դա նշանակում է, որ մենք պետք է անընդհատ վերլուծենք, ուսումնասիրենք իրավիճակը և համապատասխան միջոցներ ձեռնարկենք, հետագայում ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար: Կարծում եմ, որ նախնական զինվորական պատրաստության, մասնավորապես` ռազմագիտության առարկայի դասավանդման մեջ, մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք զինղեկների պատրաստությանը, նրանց մեթոդական ունակություններին և բոլոր ուղղություններին՝ սկսած արտաքին տեսքից: Սա կարևոր է, որպեսզի սկսած դպրոցական հասակից աշակերտը զինղեկի մեջ տեսնի այն ապագա զինվորականին, որին ինքը կուզի նմանվել: Այլևս մեզ համար ընդունելի չէ այն տեսակետը, որ ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ բանակը պետք է լինի, այսինքն` մենք կփորձենք տարբերվել հասարակությունից, որպեսզի կարողանանք մեր հետևից, մեր օրինակով տանենք նրան և արմատախիլ անենք այն բացասական երևույթները, որոնք որ կան հասարակությունում: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը մաս է կազմում յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի»: Միջոցառման ավարտին մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում ունեցած ավանդի համար գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու նվերներով պարգևատրվել են հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
  • Տարածել