ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ վետերանների միավորման խորհուրդ

24 Հունվարի, 2012 00:00
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները մեկնարկել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ՀՀ վետերանների միավորման խորհուրդ այցելությամբ: Պաշտպանության նախարարը համազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Զինված ուժերի պահեստազորի բարձրագույն սպայական խորհրդի ներկայացուցիչներ:

Դիմելով պատերազմի վետերաններին` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Պատահական չէ, որ բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը սկսվում է այս հաստատությունից` մեր հայրերի, պապերի, մեր մեծերի օջախից, որոնցից մենք ժառանգել ենք սխրագործություններ, հերոսական ճանապարհ, ժառանգել ենք այն մեծ մարտական ոգին, որն էլ հիմք է հանդիսացել մեզ պարտադրված պատերազմում հաղթանակներ տանելու համար: Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատվով կատարում են ձեր պատգամները, հարգելի՛ վետերաններ: Նրանք պատվով պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, մեր ժողովրդի անվտանգությունը ու ցանկացած պահի պատրաստ են դիմակայել այն բոլոր սպառնալիքներին, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ: Իհարկե, մենք ուրախանում ենք հաջողություններով, բայց միաժամանակ լրջորեն աշխատում ենք բանակում առկա թերությունների վերացման ուղղությամբ»: Միջոցառման վերջում ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ` Սեյրան Օհանյանը Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների, ազատամարտիկների և զինծառայողների պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով:
  • Տարածել