ԼՂՀ Պաշտպանության Նախարարության մամուլի ծառայության հայտարարությունը
23 Հունվարի, 2007 00:00Ս.թ. հունվարի 21-ին, ժամը 13.45-ին ադրբեջանական շփման գծի հարավային ուղղությամբ գտնվող Հորադիզ բնակավայրի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հերթական անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը:
Հակառակորդի կողմից արձակված կրակահերթի հետևանքով մահացու վիրավորվել և տեղում զոհվել է պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Մհեր Արամի Մովսեսյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից կատարվող այդօրինակ քայլերը բացառապես միտված են ապակայունացնելու առանց այն էլ տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը:
Գիտակցելով, որ դեպքերի նման զարգացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ղարաբաղյան կողմը կոչ է անում Բաքվին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահանջներին և սպառնալիքի տակ չդնել տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը:
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ փոխգնդապետ Ս.ՀԱՍՐԱԹՅԱՆ