ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթը բանակի 15-րդ տարեդարձի կապակցությամբ

29 Հունվարի, 2007 00:00
Մեծարգո նախագահ, վեհափառ Տեր, հարգարժան հյուրեր, պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ: Այսօր մենք նշում ենք մեր բանակի 15 ամյակը: Սա ամենքիս տոնն է: Ես շեշտում եմ «ամենքիս» բառը, որպեսզի մեկընդմիշտ հիշենք, որ միայն ժողովրդի հավաքական միտքն ու ջիղն է ունակ ստեղծելու ազգային բանակ: Ուզում եմ զուգահեռ անցկացնել մեր էպոսի ու մեր բանակի միջև: Ոչ մի հանճարեղ անհատ ի զորու չէ էպոս ստեղծելու: Էպոս ստեղծում է ժողովուրդը: Ստեղծում է դարերի ընթացքում, բառ առ բառ, դրվագ առ դրվագ հյուսելով իր պատմության հերոսական և ողբերգական էջերը` այնտեղ ներդնելով իր տաղանդը, իր ազգային իղձերը, իր երևակայության ուժը: Նույն այդ էպոս ծնող ժողովուրդը, իր պատմությամբ իմաստնացած, իր անցյալից դասեր քաղած, իր որդիների արյամբ ու անձնազոհությամբ, հղացավ և ծնեց այն հրաշամանուկին, որը կոչված էր իրականացնելու էպոս ներարկված իր ազգային տենչերը:

Սիրելի ազատամարտիկներ, զինվորներ, սպաներ, գեներալներ, զինակիցներ, ես ամենևին չեմ նսեմացնում ձեր դերը բանակ ստեղծելու գործում: Դուք, մեր պետականության անվեհեր զինվոր Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ, ով ուներ հայ ուժի, հայ զինվորի պաշտամունքը և աներկբա հավատ մեր ապագա հաղթանակի հանդեպ, կարողացաք ըմբռնել ժողովրդի հավաքական գիտակցության մեջ հասունացած գաղափարը և, յուրաքանչյուրդ իր կարողության չափով, նպաստել բանակի ստեղծմանն ու կայացմանը: Բանակ ստեղծելու հրամայականը, որ առաջադրեց հայ ժողովուրդը, մեզ ստիպեց ևս մեկ անգամ քննական հայացք նետել մեր պատմությանը: Եվ պատմությունը ցավագին ճշմարտություններ մատուցեց մեզ: Մենք ունեցել ենք բազմաթիվ զորականներ, որոնք հաղթանակներ են պարգևել օտար երկրներին, կայսրեր, որոնց իշխանության օրոք ծաղկունք են ապրել օտար երկրները, ճկուն դիվանագետներ և պետական գործիչներ, որոնք ամրացրել են օտար պետականության հիմքերը: Պատմական նույն այդ ժամանակահատվածներում մեր երկիրն եղել է անտեր, ամուլ և թշնամիների լծի տակ տառապող: Անկախության համար մեր ընդվզումներն ընդամենը մեր հերոսների ըմբոստության ընդհատ-ընդհատ ճիչերն են եղել, որոնք պարտակվել են մեր էպոսի հերոսական էջերում: Այն կռիվը, որը ժողովուրդը պիտի մղեր, մենք թողել էինք մեր հերոսներին: 20-րդ դարասկզբին ոտնատակ գնացինք մեր իսկ ոստանում, որովհետև թույլ էինք և անմիաբան: 20-րդ դարավերջին Աստված մեզ ընձեռեց ևս մեկ հնարավորություն` անցյալից դասեր քաղելու, ճակատագրի մորմոքները մարսելու և ապագային առողջ ու առնական հայացքով նայելու համար: Այդ պատեհությունը, բարեբախտաբար, օգտագործեցինք: Մեր ժողովուրդն, այս անգամ, իր պատերազմի ծանրությունն առավ իր ուսերին: Արցախյան պատերազմը մենք չհորինեցինք: Այն մեզ մատուցեցին մեր հարևանները: Մատուցեցին խորհրդային սկուտեղի վրա: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ լացուկոծով արդարություն աղերսելը, մեղմ ասած, ապարդյուն զբաղմունք է: Շրջադարձ էր պետք` առաջին հերթին մեր մտածողության մեջ: Մենք պետք է նվաճեինք աշխարհի ժողովուրդների կողքին արժանապատվորեն բնավորվելու իրավունքը և նվաճեցինք: Արդյո՞ք մենք պատրաստ էինք պատերազմի. իհարկե ոչ: Արդյո՞ք մեր քայլերը հաշվարկված էին և ապագան` տեսանելի. իհարկե ոչ: Մենք այս պատերազմի մեջ մտանք պարտադրված` հորինելով զենք, զինամթերք և վճռականություն: Բարձր էր ու անկոտրում հայության ոգին, սակայն պատերազմն ունի իր կանոնները և միայն ոգուն ապավինելով հաջողության չես հասնի: Ժամանակակից պատերազմում, ուր գլխավոր դերը պատկանում է զինտեխնիկային և ռազմարվեստին, հաղթելու համար անհրաժեշտ էր ունենալ մի կառույց, որի բոլոր օղակները գործում են համաչափ և փոխկապակցված, և որտեղ գերիշխողը կարգապահությունն է: Ազգային բանակ ստեղծելը միայն պետության հոգսը չէր: Այն ծնվում էր համաժողովրդական հոգածության ներքո: Ծնվում էր դժվարությամբ, ցավով ու տքնանքով, անհատների անձնուրացության և հասարակության սիրո խանձարուրում: Հայկական բանակի 15-ամյա ճանապարհը խորապես ընկալելու համար, տեսականորեն, այն կարելի է բաժանել երեք փուլի: Ասում եմ` տեսականորեն, որովհետև բանակաշինության փուլերը միմյանցից տարանջատված չեն: Նրանք միահյուսված են միմյանց մեջ: Ընդհանրապես, ժամանակային հասկացությունները բանակում երևութական են: Բանակային օրը, տարին, ոչ սկսվում են և ոչ էլ ավարտվում. բանակն անսկիզբ, անվերջ և շարունակական ընթացքով ապրող կառույց է: Առաջին փուլն ընդգրկում է 1988թ-ի փետրվարից մինչև 1992թ-ի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածը, երբ ղարաբաղյան շարժման ընդլայնման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրված պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ կարևորագույն խնդիր: Այս ժամանակահատվածի էությունը բնորոշում են հայ կամավորականները` մեր էպոսից սերված, դարեր շարունակ հայ կռվողի արժանապատվությունն ու պատիվը բարձր պահած հայ ‎ֆիդայինների հոգեզավակները: Պատահական չէ, որ մեր կամավորական ջոկատները անվանակոչվում էին Զորավար Անդրանիկի, Արաբոյի, Նիկոլ Դումանի և այլ հերոսների անուններով: Այս ոգեշունչ, անձնազոհ, ռոմանտիկ տղերքից մեծ մասին շատերը ճանաչում էին միայն մականուններով, որոնք նրանք կրում էին արժանապատվորեն, հպարտությամբ: Այս փուլում հայ կռվողն իր արյամբ ու ոգեղենությամբ բացահայտում էր պատերազմի անմարդկային էության հակառակ երեսը` Հայրենական պատերազմի անբացատրելի հմայքը: Այս փուլին հատուկ է նաև գործողությունների տարերային բնույթը, անկազմակերպվածությունը, ինչը հղի էր լուրջ վտանգներով: Իրավիճակը թելադրում էր այլ մոտեցում: Երկրորդ փուլն սկսվում է 1992թ-ի հունիսից և տևում մինչև 1994թ. մայիսը, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին, ներքաշված լինելով Ադրբեջանի դեմ ծանր պատերազմի մեջ, քայքայված տնտեսությամբ, սովահար, իր կորուստների կսկիծը մարսող ժողովրդով, կերտում էր ազգային բանակը` նրա հետ կապելով իր ապագան: Նորաստեղծ բանակային ստորաբաժանումները, հաշված օրերի մարզումներից հետո, ուղարկվում էին ռազմաճակատ: Այսօր հպարտությամբ կարող ենք փաստել, որ բանակաշինության գործում մենք Ադրբեջանից մի քիչ առաջ անցանք: Հենց այդ «մի քիչն» էլ փոխեց պատերազմի ընթացքը և կանխորոշեց մեր հաղթանակը: Հայոց բանակի հաղթանակները սրբագրում էին աշխարհի ժողովուրդների պատկերացումները հայերի մասին: Իր ողբերգություններով աշխարհի ունկերին ծանրացած հայ ժողովուրդը ներկայանում էր այլ որակներով` մարտնչող, իր ազատագրական պայքարում հաստատակամ, որպես խաղաղության և ժողովրդավարության ջատագով: Պատերազմի այս փուլում իրենց վճռական խոսքն ասացին նաև եռամսյա զորահավաքի մարտիկները, ովքեր չունենալով մարտական փորձ, հենց պատերազմի դաշտում էլ ռազմիկներ դարձան: Նրանցից շատերը նահատակվեցին, մի մասը վերադարձավ հաշմանդամ դարձած, մյուսները զինվորագրվեցին բանակին մինչև պատերազմի հաղթական ավարտը: Երրորդ փուլն սկսվում է 1994թ-ի հունիսից և շարունակվում է մինչ օրս: Այն պայմանականորեն կարելի է կոչել «բանակաշինության փուլ»: Հրադադարից հետո ընկած այս ժամանակահատվածում գլխավոր կարգախոսը դառնում է բանակի մարտունակության բարձրացումը, այսինքն` զորատեսակների կայուն զարգացում, միջին և բարձր սպայական կազմի կրթական մակարդակի բարձրացում, կարգապահության ամրապնդում, բանակ-հասարակություն կապի ջերմացում և զինվորականների կյանքի պայմանների բարելավում: Այս փուլում բանակը ներկայանում է որպես ձևավորման և կատարելագործման ընթացքում գտնվող ժամանակակից ռազմապաշտպանական համակարգ: Ազատամարտի ընդհանուր ոգևորությունն արագորեն տեղի տվեց երկրի սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների առաջ, նոր-նոր սկսեցին կսկծալ ու անասելի ցավ պատճառել պատերազմի հասցրած վերքերը: Հրադադարից հետո կյանքն սկսեց ընթանալ սրընթաց հորձանքով. հասարակության շերտավորման մեջ ամենաանապահով խավը պիտի կազմեին զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքները, նրանք, որոնց մեջ օրհասի պահին ամենավառն էր հայրենասիրության կրակը, եթե պետությունը, նաև բանակն իրենց վրա չվերցնեին այդ մարդկանց կյանքն ինչ-որ չափով բարելավելու, անապահովության երախից դուրս կորզելու ծանրագույն բեռը: Ասում ենք ծանրագույն, որովհետև ցավի ու դժբախտության մեջ հայտնվածների թիվը մեծ էր, ամոքումի հնարը` սուղ: Այդ է պատճառը, որ մինչ օրս` պատերազմի ավարտից 12 տարի անց, չնայած պետության տարեցտարի ավելացրած միջոցներին, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծումը մնում է առաջնային և մտահոգիչ: Պատերազմի ընթացքում բանակը շատ սպաներ էր կորցրել, հետևաբար հրադադարից հետո նա իր առջև դրեց սպայական կադրեր պատրաստելու հրատապ խնդիրը: Պատերազմը ցույց էր տվել, որ ժամանակակից բանակը զինվորականից պահանջում է, քիչ է ասել, գրագիտություն, պահանջում է կրթություն, այն էլ` հիմնավոր, մասնագիտական: Բանակաշինությանը կադրեր էին պետք օդ ու ջրի պես… Փառք Աստծո, ինչպես ցանկացած ոլորտում, նույնպես նաև ռազմագիտության համար, մենք գիտական ներուժի պակաս չենք ունեցել: Չուշացավ պետական բարձր աջակցությունը, և տեղում զինվորական կադրեր պատրաստելու համար մեկը մյուսի հետևից ծնունդ առան բազմաբնույթ ռազմական ուսումնարանը` այժմյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, Ռազմաավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի, և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Մինչև օրս այս ուսումնական հաստատությունները զինված ուժերի համար պատրաստել են շուրջ 4430 սպաներ: Զուգահեռաբար սպայական կադրեր են պատրաստվել նաև արտասահմանում, գլխավորապես Ռուսաստանի Դաշնության և Հունաստանի ռազմական հաստատություններում ուսանել և այժմ էլ շարունակում են սովորել ավելի քան 1630 սպա և կուրսանտ: Զգալի տարբերություն կա երեկվա և այսօրվա հայ սպաների միջև: Շնորհիվ նրանց կրթական մակարդակի` ժողովրդի աչքում բարձրանում է բանակի հեղինակությունը: Ինչպես գիտության ու մշակույթի բնագավառները, ինչպես մարդկային կյանքն առհասարակ, այնպես էլ բանակը չի կարող ապրել ինքնաբավ, առանց շփումների և փոխհարստացման ձգտումների... Ռազմական համագործակցության զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունեցավ Հայաստանի միացումը Հավաքական անվտանգության պայմանագրին: Պայմանագիրը դարձավ ոչ միայն Հայաստանի ռազմական անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը, այլև նոր հնարավորություններ ստեղծեց Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության հետագա ընդլայնման համար: Այսօր թե ՌԴ հետ երկկողմ ձևաչափով, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեր-պության շրջանակներում իրականացվող ռազմական համագործակցությունն արդյունավետ զարգացում է ապրում` հիմնված ամուր իրավապայմանագրային դաշտի վրա: Այդ համագործակցության լավագույն դրսևորումներն են հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորումը, ՀՕՊ միացյալ համակարգն ու համատեղ հերթապահությունը, ՌԴ ռազմակայանը Հայաստանում և բազում այլ օրինակներ: Միաժամանակ ՀՀ ղեկավարության կողմից քայլեր կատարվեցին ԱՄՆ, եվրոպական երկրների և եվրաատլանտյան կառույցների հետ համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Մասնավորապես, 1994թ-ին Հայաստանը միացավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, որով համագործակցության նոր փուլի սկիզբ դրվեց: Տարիներ շարունակ զարգացող հարաբերությունների արդյունքում 2005թ-ին Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հաստատեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որտեղ նախանշված է առաջիկա 10 տարիների համագործակցության ընթացքը: Տարեցտարի ամրապնդվող ռազմական համագործակցությունը մեծապես նպաստեց նաև բանակի արդիականացմանը, զինված ուժերում միջազգային փորձի ներդրմանը: Այսօր էլ այդ գործընթացը հաջողությամբ շարունակվում է, և ռազմական համագործակցության հիմնական ջանքերն ուղղվում են ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացմանը: Մեր բանակի մարտունակության աստիճանը երևում է ամեն տարի անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ, երբ հստակորեն դրսևորվում են զորքերի մարտավարական ուժն ու հմտությունը, օղակների փոխհամաձայնեցված գործողությունների արդյունավետությունը, ի վերջո, մարտը շահելու հավանականության գործակիցը: Մեր տարբեր զորատեսակների ստորաբաժանումները մասնակցել են բազմաթիվ զորախաղերի` նաև ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ զորքերի կազմում ու արժանացել բարձր գնահատականի: Հին ճշմարտություն է` բանակի ուժն իր կարգապահության մեջ է: Փլուզվող հասարակարգից հետո, երբ մարդկային գիտակցության մեջ տեղի է ունենում արմատացած ըմբռնումների ու չափանիշների փոփոխություն, դյուրին գործ չէ անսպառ եռանդով ու զանազան հովերով տարված երիտասարդությանը կարգ ու կանոնի ենթարկելը: Բանակաշինության առաջին տարիներին հատուկ ցավագին երևույթները, որ դրսևորվում էին զինվոր-զինվոր, զինվոր-հրամանատար հարաբերություններում, շնորհիվ բանակի ղեկավարության ձեռնարկած հետևողական քայլերի, աստիճանաբար մեղմացան, մտան բնականոն հունի մեջ... Զորակոչը` բանակային կարևորագույն իրադարձություններից մեկը, մի ժամանակ ընթանում էր աներևակայելի ցնցումներով: Ցածր էր ժողովրդի վստահության աստիճանը: Անհրաժեշտ էր բանակի և հասարակության միջև ստեղծել կայուն կապ, հասնել նրան, որ ամենահոռետեսներն էլ նկատեն բանակի կյանքի օրեցօր նորացումն ու թարմացումը, հավատան ու հասկանան, որ այդ բանակն օտարինը չէ, իրենցն է, որին պետք է աջակցել ու սիրել... Իհարկե, այդ ամենն արդեն անցյալ է, սակայն ասենք, որ պահանջվեց տևական ժամանակ` հասարակության մեջ բանակի հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու համար, որպեսզի մարդիկ իրենց զավակներին բանակ ճանապարհեին ավանդական ձևով` ուրախ սրտով, դհոլ-զուռնայով: Դրան հասնելու համար անհրաժեշտ էր, որ բանակային առօրյան տեսանելի դառնար հասարակության աչքին: Ի՞նչ էր պետք անել. պարզապես զորամասերի դռները վստահաբար բացվեցին շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, լրագրողների, ծնողների առջև... Չարակամորեն մոգոնված պատմությունները հօդս ցնդեցին, երբ նրանք ամենուրեք տեսան զինվորական պատշաճ առօրյա, որակյալ սնունդ, տաք, մաքուր զորանոցներ և, մանավանդ, հրամանատարության բուռն ձգտումը` զինվորների ծառայության ու հանգստի պայմանները մշտապես բարվոքելու ուղղությամբ: Բանակը մշտապես գտնվել է պետության ուշադրության կենտրոնում, վայելել նրա բարձր հոգածությունը: Սրանք սոսկ բառեր չեն: Զինվորականների սոցիալական վիճակը վերջին տարիներին էականորեն փոխվել է, դա արտահայտվել է, նախ, աշխատավարձերի բարձրացմամբ և բնակարանային բավարարումով, այնուհետև բժշկական բարձրակարգ սպասարկմամբ և հաճելի հանգստի պայմաններ տրամադրելով: Պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ, մի քանի ամիս առաջ մենք հայ ժողովրդի առաջ ներկայացանք փառահեղ զորահանդեսով: Մեր հայրենակիցները տեսան հայկական բանակի կուռ շարքերը, հիացան նրա երթով, զինվածությամբ և արտաքին փայլով: Սա, իհարկե, հպարտություն է ներշնչում մեզ: Զորահանդեսը` զորահանդես, բայց այն ի վերջո ցուցադրություն է: Ես չեմ ուզում, որ միայն զորահանդեսներով ժողովրդից հիացմունք կորզենք: Ես ուզում եմ, որ բանակն իրեն ծնող ու սնող ժողովրդի աչքը և սիրտը շոյի իր ամենօրյա նիստուկացով, իր վարքով ու բարոյականությամբ: Ուզում եմ, որ հայ սպան հասարակության մեջ գրավի իր պատշաճ դիրքը, նրա անունը նույնանա պատիվ, անձնազոհություն և արժանապատ-վություն հասկացություններին: Ուզում եմ, որ մեր մեջ ժողովուրդը տեսնի իր առաքինությունները, երկրի համար բաբախող հոգի տեսնի, հավատա մեզ և փափագի իր որդուն տեսնել մեր շարքերում: Հավատացած եմ, մենք ի վիճակի ենք վերափոխվելու, համենայն դեպս, ձգտում ենք դրան: Նրանք, ովքեր ժողովրդի առաջադրած պահանջը կատարելու ունակ չեն, հեռանում են բանակից. այլ ելք չկա: Մեր ժողովուրդը հոգնել է պատմության թատերաբեմին ողբերգություններ բեմադրելուց և ուզում է ապրել մյուս ժողովուրդների նման` տնօրինելով իր կյանքը, միտքն ու հոգին, հաջողության համար Աստծուն փառք տալով և անհաջողության դեպքում «վատ բարեկամներին» չփնովելով: Մենք ժողովրդին խաղաղություն պարգևեցինք, բայց պարտավոր ենք նաև օգնել նրան այդ խաղաղության մեջ ապրելու: Իր խառնիճաղանջ առօրյայում, տուրևառության այս տագնապի մեջ հասարակությունը պետք է զգա բանակի սևեռուն հայացքը, նրա զգաստությունը, չափավորությունն ու կատարելության ձգտումը: 15 տարի առաջ մեր ցաք ու ցրիվ ըմբոստության վտակներից գոյացավ հայոց ազգային բանակը: 15 տարի նա քայլում է ինքնամաքրման և վեհացման ճանապարհով: 15 տարին նույնիսկ ակնթարթ էլ չէ անպարագիծ պատմության մեջ, սակայն մեզ համար մեծ բովանդակությամբ լեցուն տարիք է: Մեծարգո նախագահ, հարգարժան հյուրեր, ես վստահ եմ, որ այսուհետ ևս հայկական բանակը պատվով կկատարի պետության և ժողովրդի կողմից իրեն առաջադրված խնդիրները: Հայկական բանակին չեն վախեցնում հարևան հանրապետության նախագահի` իր բանակին խոստացած միլիարդները, քանզի միայն փողով չէ, որ բանակը մարտունակ է դառնում, քանզի մենք ունենք բավարար կամք, նվիրված ենք մեր Հայրենիքին և վճռական ենք ավարտին հասցնելու այն պայքարը, որ սկսել ենք Ձեզ հետ միասին ուղիղ 19 տարի առաջ` 1988-ին: Այս իրողությունը մենք ապացուցել ենք 90-ականների սկզբին, կապացուցենք նաև վաղը, եթե դրա հարկը լինի: Բանակի 15 ամյակի առթիվ շնորհավորում եմ բոլորին: Աստված պահապան մեր բանակին, փառք հայ զինվորին, և հավերժ կեցցե Հայաստանի Հանրապետությունը:
  • Տարածել