Հարվարդի համալսարանը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մասնագիտական համագործակցության համար

29 Հունվարի, 2007 00:00
Վերջերս ԱՄՆ Հարվարդի համալսարանը Ջ.Քենեդիի անվան Կառավարման դպրոցի Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագրի կայքէջում (http://www.harvard-bssp.org/static/files/273/national_security_armenia_01_15_2007.pdf, SERZH SARGSYAN: National Security Strategy of Armenia)) հրապարակել է ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի զեկույցը` Հայաստանի Ազգային Անվտանգության Ռազմավարության ծրագրի վերաբերյալ: Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի նշված ելույթից բացի, Հարվարդը հրապարակել է նաև Հանձնաժողովի մեկամյա գործունեության` 2006թ. դեկտեմբերին Ազգային Ժողովում բաց քննարկման ներկայացված արդյունքը:

Պաշտոնական նամակում Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհակալական խոսքից բացի Հարվարդի համալսարանի` Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագրի ղեկավարությունը նշում է նաև. «Ձեր ելույթի հրապարակման վերաբերյալ արձագանքները վկայում են վերջինիս հանդեպ ԱՄՆ–ում և այլ երկրներում մասնագիտական հետաքրքրության մասին: Հուսով ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Հարվարդի համալսարանի միջև արդեն գործող փոխհամագործակցությունը կարող է բերվել նոր մակարդակի: Պատիվ ունենք Ձեզ` ԱՄՆ Ձեր հերթական այցի ժամանակ, հրավիրել Հարվարդ` զեկույցով հանդես գալու»:
  • Տարածել