Սերժ Սարգսյանն առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց Ջեյմս ՄաքԴուգալին
16 Փետրվարի, 2007 00:00Ս.թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի` Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջեյմս ՄաքԴուգալին:
Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեը: Շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար` պաշտպանության նախարարը փաստեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները, հատկապես վերջին երեք-չորս տարիներին, էապես խորացել են, և համոզմունք հայտնեց, որ այդ գործընթացը շարունակական կլինի:
Ջեյմս ՄաքԴուգալն իր խորին երախտագիտությունը հայտնեց նախարարին և նախարարության ամբողջ անձնակազմին` պաշտպանության ոլորտում արդյունավետ և բարձր մակարդակի համագործակցության համար:
Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը` Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջոցները դեռևս սպառված չեն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, անդրադարձան տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
ՄաքԴուգալը դրական կարծիք հայտնեց Իրաքում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների մարտական պատրաստականության, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակության, լեզվի իմացության և կազմակերպվածության վերաբերյալ: