Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել

4 Ապրիլի, 2007 00:00
Ս.թ. ապրիլի 4-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում, աշխատանքային այցիշրջանակներում, հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սքեֆերի և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ, մասնակցեց Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձևաչափով Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Նա նշել է, որ տեղյակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին և հույս հայտնել, որ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Հյուսիս-Անտլանտյան դաշինքի հարաբերությունները կշարունակվեն անշեղորեն զարգանալ: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսն իր հերթին նշել է. “Այսօր Անհատական գործընկերության ծրագրի առաջին տարեդարձն է: Մենք կատարեցինք առաջին գնահատումը, որը դրական էր, ինչն ընդգծեցին նաև անդամ երկները: Մենք քննարկեցինք պաշտպանական բարեփոխումների, ազգային անվտանգության ռազմավարության, փոխգործակցության խնդիրները, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, մասնավորապես, այս պահին Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: Հույս ունենք, որ այս դրական ընթացքը կշարունակվի և մենք կկարողանանք զարգացնել համագործակցությունը: Դա Հյուսիս-Ատլանտյան խորհրդում դեսպանների հնչեցրած տեսակետն է:” Սերժ Սարգսյանը նշեց, որ դիտորդների կարծիքը շատ կարևոր է և ուրախալի է, որ կողմերը միակարծիք են: Հայաստանը ժամանակին և որակով է իրականացրել գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները: “Անշուշտ, անվտանգության գլխավոր երաշխավորը մեր մարտունակ բանակն է, զինված ուժերը և, այս բաղադրիչներին զուդահեռ, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները և ՀԱՊԿ անդամակցությունը ամբողջականացնում են մեր անվտանգության համակարգը:” Հաջորդ նմանատիպ գնահատումը նախատեսվում է անցկացնել մեկ տարուց: Նույն օրը Բրյուսելում Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրամիության արտաքին կապերի և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար, տիկին Բենիտա Ֆերերո-Վոլդների հետ: Ֆերերո-Վոլդները ողջյունել է Հայաստանի ջանքերը Եվրամիության Նոր հարևանության ծրագրով կատարած քայլերի առնչությամբ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներով անցկացնելու անհրաժեշտությունը: Եվ Սերժ Սարգսյանը, և Եվրամիության արտաքին կապերի և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով գործերի հանձնակատարը Եվրամիության Նոր հարևանության և ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը դիտարկել են կարևոր զուգահեռ գործոններ` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործում:
  • Տարածել