ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

27 Ապրիլի, 2007 00:00
Ս.թ. ապրիլի 27-ից մայիսի 10-ը Հայաստանում անցկացվող «Համատեղ ձգտում-2007» զորավարժության բացման արարողության համար

27 ապրիլի, ժ. 09:30 Հարգելի գործընկերներ Հարգելի հյուրեր Թույլ տվեք ողջունել ձեզ և շնորհավորել բոլորիս Հայաստանում «Համատեղ ձգտում-2007» զորավարժության մեկնարկի առթիվ: Այս զորավարժությունն անցկացվում է զուգահեռաբար Հայաստանում և Գերմանիայում, և միայն Հայաստանում նրան մասնակցելու համար մեզ մոտ են ժամանել 6 պետությունների շուրջ 130 ներկայացուցիչներ, ինչն ինքնին վկայում է միջոցառման կարևորության և արդիականության մասին: Հատկանշական է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև համագործակցությունը վերընթաց զարգացում է ապրում, կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր: Սակայն այդ համագործակցության բարձր մակարդակի ամենավառ ապացույցը հենց նման զորավարժությունների անցկացումն է: Սա Հայաստանում անցկացվող առաջին զորավարժությունը չէ. 2003թ. ի վեր մենք հյուրընկալել ենք ՆԱՏՕ/ԳՀԽ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող մի շարք զորավարժություններ: Եվ ուրախալի է, որ Հայաստանում անցկացվող զորավարժություններն արդեն բարի ավանդույթ են դառնում: Մասնավորապես, արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2008թ. Հայաստանում «Համատեղ աղեղ/նիզակակիր» զորավարժության անցկացման մասին: Գոհունակությամբ պետք է նշեմ նաև, որ զորավարժությանը նախորդած բոլոր պլանավորման կոնֆերանսներն ու աշխատանքային հանդիպումներն անցան գործնական կառուցողական մթնոլորտում: ԱՄՆ եվրոպական հրամանատարության, ՀՀ պաշտպանության նախարարության և գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետորեն իրականացնել զորավարժության նախապատրաստական բոլոր աշխատանքները: Կապի ոլորտն այն օղակն է, որը հատկապես բազմազգ գործողությունների իրականացման համար հիմնարար նշանակություն ունի. դրանից է կախված մեր համագործակցության արդյունավետությունն ու հաջողությունը: Ուստի նման զորավարժությունները ոչ միայն նպաստում են դրանց մասնակցող ստորաբաժանումների և մասնագետների կարողություններն անմիջականորեն փորձարկելու գործին, այլև լավ առիթ են հանդիսանում նրանց փոխգործակցության ապահովման համար արդյունավետ մեխանիզմներ մշակելու և միասնաբար, մեկ թիմով իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար: Եվ պատահական չէ, որ Հայաստանը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել նման միջոցառումները և դռնբաց ընդունել բոլոր մասնակիցներին` ջանալով նրանց համար ապահովել աշխատանքի առավելագույնս հարմարավետ պայմաններ: Օգտվելով առիթից, կրկին անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին իրենց ներկայության և ԱՄՆ եվրոպական հրամանատարությանը` զորավարժության կազմակերպման խնդիրներում ցուցաբերած աջակցության համար: Վստահ եմ, որ բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ զորավարժությունը կանցնի մասնագիտական և կազմակերպչական բարձր մակարդակով: Միաժամանակ հուսով եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ նաև մեր երկրի պատմությանը, մշակույթին և ձեզ հետ հաճելի հուշեր կտանեք: Համոզված եմ, որ մայիսի 10-ին, զորավարժության ավարտից հետո մենք հերթական անգամ կարձանագրենք, որ հերթական բազմազգ զորավարժությունն իրականացվել է հաջողությամբ` հասնելով իր առջև դրված նպատակներին: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և հաջողություն:
  • Տարածել