Պաշտպանության նախարարը պարգևատրեց Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և բուժաշխատողներին
2 Մայիսի, 2007 00:00Ս.թ. մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրեց Հայրենական Մեծ պատերազմի մի խումբ վետերանների և ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու համար «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով» մեդալներոով պարգևատրեց մի խումբ բուժաշխատողների:
Միքայել Հարությունյանի ելույթը պարգևատրման արարողության ժամանակ
Հարգելի վետերաններ, սիրելի բժիշկներ
Շատ հաճելի է մեր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի և իմ անունից ողջունել ձեզ և ջերմորեն շնորհավորել մայիսյան մեր հաղթանակների առթիվ:
Այո, մեր ժողովուրդն ունի Ավարայրի ու Սարդարապատի մայիսյան փառավոր հաղթանակներ: Դուք և ձեր զինակիցները շարունակել եք նախնիների սխրանքը: 62 տարի առաջ մայիսի 9-ով ավարտված ֆաշիզմի ջախջախումը ձեր սերնդի մեծ հաղթանակն էր: Եվ այն անհետևանք չմնաց: Ձեր որդիներն ու թոռներն արժանի հետնորդներ են: 15 տարի առաջ նրանք նույն մայիսի 9-ին ազատագրեցին Շուշին: Ղարաբաղյան պատերազմում մեծ դեր ունեցան նաև մեր բժիշկները:
Դուք, սիրելի բժիշկներ, շատ վիրավորների փրկեցիք, շատերին կռվելու ուժ տվեցիք: Եվ ձեր և վետերանների ներդրումը մեր հաղթանակներում, պատերազմական վաստակը երբեք չի մոռացվի:
Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի, Շուշիի ազատագրման, մեր բանակի ստեղծման 15-ամյակի առթիվ, մաղթում քաջառողջություն: Իմ հրամանագրով ձեզ շնորհվել են Պաշտպանության նախարարության պարգևներ, սիրով ուզում եմ դրանք հանձնել: