«Լրատվամիջոցների օր» «Համատեղ ձգտում - 2007» զորավարժությունում
7 Մայիսի, 2007 00:00Ս.թ. մայիսի 7-ին «Համատեղ ձգտում - 2007» զորավարժության շրջանակներում անցկացվեց «Լրատվամիջոցների օր» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ կապի զորքերի հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ Կապի և ԱԿՀ վարչության պետ, գեներալ - մայոր Արմեն Բաբուրյանը և ԱՄՆ բանակի 5 - րդ Կապի հրամանատարության հրամանատար և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի կապի զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Դենիս Վայը:
Գեներալ - մայոր Ա.Բաբուրյանը լրագրողներին հակիրճ ներկայացրեց «Համատեղ ձգտում - 2007» զորավարժության նպատակներն ու խնդիրները: Նա վստահեցրեց, որ ինչ նախանշված էր արդեն իսկ իրականացվել է: Նշելով զորավարժության ընձեռած հնարավորությունների մասին` նա մասնավորապես անդրադարձավ մասնակից երկրների զինված ուժերում կապի արդիական միջոցները ներդնելու, դրանք փորձարկելու, ինչպես նաև փորձի փոխանակման հարցերին:
Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցերին` բարձրաստիճան զինվորականները բարձր գնահատեցին կապի ոլորտում հայ - ամերիկյան փոխգործակցությունում առկա ձեռքբերումները: Խոսելով «Համատեղ ձգտում - 2007» զորավարժությունը նման բարձր մակարդակով հյուրընկալելու, ինչպես նաև հայ կապավորների մասնագիտական գերազանց հմտությունների մասին` Բրիգադի գեներալ Դենիս Վայը կարևորեց հետագա փոխգործակցության ամրապնդումը և նշեց, որ այն կրելու է շարունակական բնույթ:
Բարձրաստիճան հյուրերը նաև շրջայց կատարեցին զորավարժության անցկացման համար նախատեսված տարածքում: Հայկական պատվիրակության տաղավարում տեսակոնֆերանսի միջոցով կապ հաստատվեց Գերմանիայում` զորավարժության հիմնական վայրում գտնվող հայ կապավորների հետ: ՀՀ ԶՈՒ կապի զորքերի հրամանատարին հայկական պատվիրակության ղեկավար, կապիտան Արամ Գևորգյանը զեկուցեց, որ գերազանց գնահատականով են հանձնել բոլոր առաջադրանքները:
Հավելենք, որ զորավարժությունների անցկացման և’ հիմնական վայրում, և’ Հայաստանում հայ կապավորները հանձնել են 40-ից ավելի առաջադրանքներ: