Պաշտպանության նախարարը հանդիպեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
18 Հունիսի, 2007 00:00Ս.թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Հայկե Ռենատե Փայչին` դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հանդիպման սկզբում դեսպանն անդրադարձավ իր պաշտոնավարման ընթացքում գերմանական առաքելության կողմից ՀՀ-ում կատարված աշխատանքներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Մասնավորապես` անդրադարձ եղավ ռազմական կրթության ոլորտում կապերն ընդլայնելու խնդրին, այն է` Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը: Քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Դեսպանը նախարարին տեղեկացրեց օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից ստացվելիք հումանիտար բժշկական օգնության մասին: Հանդիպման ավարտին Միքայել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց դիվանագիտական հետագա առաքելություններում: