Հաղորդագրություն մամուլի համար
21 Հունիսի, 2007 00:00Երեկ, հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության Չիտայի մարզի «Տելեմբա» հրաձգարանում մեկնարկեցին ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի մասնակից-պետությունների հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի «Մարտական համագործակցություն 2007» զորավարժությունները:
ՌԴ զինված ուժերի ռազմաօդային ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վ.Ստիցենկովի ղեկավարությամբ մասնակիցներն անցել են մարտավարական դրվագների, ինչպես նաև ուսումնական հարձակումների հակահարվածների մշակմանը և կիրառմանը:
Զորավարժությունները կանցկացվեն չորս փուլով. առաջին փուլում ներգրավված են Ռուսաստանի և Բելոռուսիայի ՀՕՊ և ՌՕՈՒ, ինչպես նաև ՌԴ ռազմածովային ուժերի Բալթյան նավատորմի ՀՕՊ ստորաբաժանումները: Այս փուլում կանցկացվեն հրաձգություններ հրթիռա-զենիթային համակարգերից և մարտական ինքնաթիռներից:
Զորավարժությունների երկրորդ փուլը (օգոստոսի 19-20-ը) կանցկացվի ՌԴ Աստրախանի մարզի «Աշուլուք» հրաձգարանում` մասնակցությամբ Հայաստանի, Ռուսաստանի, Բելոռուսիայի և Ղրղզստանի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի:
Եզրափակիչ երրորդ և չորրորդ փուլերը կանցկացվեն օգոստոսի վերջին- սեպտեմբերի սկզբին` Ղազախստանի և Ուզբեկստանի հրաձգարաններում: