Ղրղզստանում մեկնարկեց «Միություն-2007» ռազմամարզական առաջին միջազգային հավաքը
27 Հունիսի, 2007 00:00Ս.թ.հունիսի 26-ին Իսսիկ-Կուլում (Ղրղզստան) մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների երիտասարդական ռազմամարզական կազմակերպությունների «Միություն-2007» առաջին միջազգային հավաքը:
Հավաքի մասնակիցները կմասնակցեն «Պայքար ահաբեկչության և ծայրահեղականության դրսևորումների դեմ» թեմայով գիտաժողովին: ԱՊՀ անդամ վեց պետությունների ինը թիմ (մեկական թիմ Հայաստանից, Բելոռուսիայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և երկուական թիմ Ղրղզստանից և Ռուսաստանից) մինչև ս.թ. հուլիսի 6-ը կմրցեն հրաձգության, բժշկական և ֆիզիկական պատրաստության ասպարեզներում: 14-ից 16 տարեկան պատանիները զինվորական համազգեստով և հանդերձանքով հանդես կգան գրեթե բնական իրադրություններում: Հաղթողներին կպարգևատրի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որի համոզմամբ անհրաժեշտ է վերականգնել ՀԱՊԿ անդամ-պետությունների երիտասարդների միջև կապերի ամրապանդմանը և նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստող նման հավաքները: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Իսսիկ-Կուլը դառնալու է յուրօրինակ «Արտեկ», որը երիտասարդության միասնականության արտահայտումն էր:
«Միություն-2007» միջազգային հավաքին Հայաստանը ներկայացնում են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 10 սաներ: