Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի դեսպանին
11 Հուլիսի, 2007 00:00Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Պանայոտա Մավրոմիխալիին:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Մ.Հարությունյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Անդրադառանալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաուսումնական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին այդ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Զգալի է առաջընթացը հատկապես ռազմական կրթության ոլորտում. մինչ օրս հունական ռազմաուսումնական հաստատություններում պատրաստվել և վերապատրաստվել է շուրջ 100 սպա: Այսօր այդ հաստատություններում ուսանում է 38 կուրսանտ, որից 14-ը սովորում են Հունաստանի ռազմաբժշկական, իսկ 24-ը` Ցամաքային զորքերի ակադեմիաներում:
Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ դասակի մասնագիտական բարձր պատրաստվածության համար: Նախարարը, իր հերթին, բարձր գնահատելով հունական կողմի` խաղաղարար գործունեությանը ցուցաբերած աջակցությունը, ներկայացրեց առաջիկայում այս ոլորտում նախատեսվող ծրագրերը:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, դեսպանը կարևորեց վերոնշյալ խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը: Քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: