Մ.Հարությունյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը
18 Հուլիսի, 2007 00:00Ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը` Իվ Առնոլդի գլխավորությամբ` վերջինիս` Հայաստանում պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:
Հանդիպման սկզբում կողմերը ստորագրեցին ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2007թ. համագործակցության ծրագիր, որը մասնավորապես նախատեսում է. հնգօրյա դասընթացներ ՀՀ ԶՈՒ սպաների համար, ՀՀ ԶՈՒ սպաների մասնակցությունը «Սենեժ» 45-րդ և 47-րդ դասընթացներին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թիմի մասնակցությունը «Գեներալ Սկոբելև» 8-րդ մրցաշարին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի տարրերի ներկայացում ՀՀ ԶՈՒ զորավարժությունների ընթացքում, միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող ուսումնական նյութերի պատրաստում և հրապարակում, պարբերաբար հանդիպումներ ՀՀ ՊՆ և Միջազգային մարդասիրական իրավունքի աշխատանքային խմբերի հետ:
Հանդիպման ավարտին Մ.Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Իվ Առնոլդին` արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց հետագա առաքելություններում:
Իվ Առնոլդը նախարարին ներկայացրեց հայաստանյան վերոնշյալ պատվիրակության նորանշանակ ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին:
Նախարարն իր հերթին հույս հայտնեց, որ նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում ևս կշարունակվեն այն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել նախկինում և էլ ավելի կընդլայնվի երկուստեք համագործակցությունը:
Մ.Հարությունյանը հաջողություն մաղթեց Ջ.Ռեյնոլդսին` Հայաստանում առաքելություն իրականացնելու գործում: