Պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին
18 Հուլիսի, 2007 00:00Ս.թ. հուլիսի 18-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը շնորհավորեց նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում:
Իր հերթին Ռ.Պերինան կարևորեց ԱՄՆ մշտական դեսպանի ներկայությունը Հայաստանում, ինչը բխում է ԱՄՆ-ի և Հայաստանի շահերից` իր խնդիրը համարելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, հատկապես` ռազմական համագործակցության ոլորտում, ԱՄՆ-ի օգնությանը Հայաստանին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: