Հայ խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունը Կոսովոյում
3 Օգոստոսի, 2007 00:00Կոսովոյի երկրամասում իրենց վերապահված խաղաղապահ առաջադրանքների կատարումը հայ զինծառայողների յոթերորդ հերթափոխը ստանձնեց ընթացիկ տարվա մայիսին:
Կապիտան Մորիս Բարսեղյանի հրամանատարությամբ գործող դասակը ևս համալրեց հունական գումարտակը, որը գործում է Կոսովոյի ուժերի «Արևելք» բազմազգ ստորաբաժանման կազմում: Արտերկրյա առաքելությունը հայ խաղաղապահները իրականացնում են պատասխանատվությամբ և պարտքի բարձր գիտակցումով, պահպանում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները` ձգտելով արդարացնել ՀՀ ԶՈւ, ինչպես նաև տեղի հրամանատարության վստահությունը:
Արդեն երրորդ տարին է, ինչ հունական գումարտակի պատասխանատվության գոտում հայ և հույն զինծառայողները առաջադրանքները կատարում են համատեղ` կրելով միևնույն համազգեստը: Նրանց կարելի է հանդիպել հսկիչ անցագրային կետերում կամ բնակավայրերում պարեկելիս, իսկ տարբեր երկրների զինված ուժերի պատկանելը հնարավոր է տարբերակել թևքանշաններով: Փոխգործունակ լինելու խնդիրը հայ խաղաղապահների առջև դրվում է հատկապես արագ արձագանքման ուժերի կազմում առաջադրանքներ կատարելիս, ինչպես նաև ամբոխի կառավարում կոչվող վարժանքների ժամանակ: Արձանագրվող հաջողություններում իրենց մասն ունեն, անշուշտ, նախորդ առաքելությունների փորձ ունեցող խաղաղապահները: