Խրախուսվեցին Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս աչքի ընկած զինծառայողները
9 Օգոստոսի, 2007 00:00Ս.թ. օգոստոսի 9-ին Մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում խաղաղապահ առաքելությունն ավարտած 5-րդ հերթափոխի զինծառայողների խրախուսման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռ. Բեքստերը:
Ս.Օհանյանն իր գոհունակությունը հայտնեց խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական գումարտակի մասնագիտական բարձր պատրաստվածության համար, նշելով, որ սրանով, փաստորեն, հայկական կողմն աջակցում է միջազգային խաղաղարար գործունեությանը. «ՀՀ զինված ուժերը կարճ ժամանակում դարձան լիարժեք մարտունակ բանակ: Ազգային-ազատագրական պայքարի ընթացքում հայ զինծառայողների կողմից իրականացված ռազմական գործողություններն արժանի են ժամանակակից ռազմագիտությանը: Զինված ուժերի և հայ ժողովրդի ողջ ներուժն ուղղված է արժանի բանակ ունենալուն, որը կոչված է ապահովելու ժողովրդի անվտանգությունն ու անդորրը: Եվ մեծ է խաղաղապահ գումարտակի դերն այս գործում, որը կարողացավ դառնալ մարտունակ ստորաբաժանում` իրականացնելով իր առջև դրված խնդիրները»:
Ս.Օհանյանը հիշեցրեց, որ հայ զինծառայողները Իրաքում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2005թ. հունվարի 25-ից: Մինչ օրս այդ գործընթացին մասնակցել է մոտ 300 հայ խաղաղապահ: Իսկ այս հերթափոխն Իրաքում էր ս.թ. փետրվարի 2-ից:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Ս.Օհանյանն առաքելության ընթացքում ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին հանձնեց պարգևներ և պատվոգրեր. «Մեր զինծառայողներն արժանապատվորեն են կատարել իրենց առջև դրված խնդիրները` պատվով վերադառնալով հայրենիք: Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում հայ խաղաղապահներին, որոնք ոչ միայն պաշտպանում են երկիրը, այլև մասնակցում են միջազգային անվտանգության ապահովման գործընթացներին` մեկ աստիճանով ևս բարձրացնելով Հայաստանի և նրա Զինված ուժերի հեղինակությունը»:
Իսկ խաղաղապահ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա.Տոնոյանն իր խոսքում նշեց, որ գործունեության վեց տարիների ընթացքում գումարտակն անցել է ծանր և լուրջ ճանապարհ` այսօր գտնվելով վերապատրաստման և համալրման որակական փուլում` համատեղ զորավարժությունների և միջազգային դասընթացների ժամանակ լավ իմացություն և ռազմական պատրաստվածություն դրսևորելով: Նա հավաստիացրեց, որ լինելով մեր երկրում միակ նման ստորաբաժանումը, խաղաղապահ գումարտակը կանի հնարավորը` միջազգային չափանիշներին համապատասխան, օրինակելի և ռազմունակ ստորաբաժանում դառնալու համար: