Քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը
18 Սեպտեմբերի, 2007 00:00ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքն է քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են հանրապետության վարչապետը, պաշտպանության նախարարը, Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք:
Հանրապետության նախագահը ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումները հիմնականում ուղղված են պաշտպանության նախարարության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացմանը, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանն ու ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը:
Նշելով, որ աշխատանքները նորմալ ընթացքում են, երկրի ղեկավարը կարեւորել է որոշ կոնցեպտուալ հարցերի վերաբերյալ վերջնական համաձայնությունը, ինչը թույլ կտա ավելի արագ առաջ շարժվել:
Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են հատուկ քաղաքացիական ծառայության մասին օրենքի նախագծին, որը նախատեսվում է ընդունել մինչեւ տարեվերջ:
Ամփոփելով խորհրդակցությունը, Ռոբերտ Քոչարյանն նշել է, որ առաջիկայում մեծ աշխատանքներ են սպասվում և հանձնարարել է գործել սահմանված ժամանակացույցին համապատասխան: