ՀԱՊԿ-ն ընդյայնում է ռազմական համագործակցությունը
1 Հոկտեմբերի, 2007 00:00Ս.թ. սեպտեմբերի 28-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում տեղի ունեցավ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ-պետությունների պաշտպանության նախարարների Խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին ռազմական գերատեսչությունների` Կազմակերպության միջպետական համաձայնագրերի և Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Գնահատականներ տրվեցին նաև վերջին երկու տարիներին իրականացված բանակաշինական միջոցառումներին:
Նիստի ընթացքում պաշտպանության նախարարները լսեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցը և քննարկեցին հավաքական անվտանգության համակարգի զարգացմանը նպաստող և ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեության մեխանիզմները որոշող մի շարք փաստաթղթեր, ինչպիսիք են ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության վերաբերյալ Համաձայնագիրը, հավաքական խաղաղապահ գործունեության Կանոնակարգը, խաղաղապահ գործողություններ նախապատրաստող օպերատիվ աշխատանքային խմբի Կանոնակարգը, խաղաղապահ առաքելության ղեկավարի գործունեության Կանոնակարգը:
Քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների` ռազմական նշանակության արտադրանքի արդիականացման, վերանորոգման, շահագործման, արտադրության, ինչպես նաև օգտահանման և շահագործման ժամկետների երկարացման բնագավառում ռազմա-տնտեսական համագործակցության վերաբերյալ Համաձայնագիրը, ռազմա-տնտեսական համագործակցության շրջանակներում իրականացված մտավոր գործունեության արդյունքների իրավունքների փոխադարձ պաշտպանության և գովազդա-ցուցադրական գործունեության շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ Համաձայնագրերը:
Պաշտպանության նախարարների խորհրդի անդամները քննարկեցին նաև ՀԱՊԿ անդամ-պետությունների ինչպես հավաքական, այնպես էլ ազգային ռազմական անվտանգության մի շարք հարցեր, մասնավորապես հարձակման սպառնալիքի դեպքում ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության կազմակերպման և ռազմա-տեխնիկական օգնության ցուցաբերման մեխանիզմների վերաբերյալ Արձանագրությունը, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ղեկավարման համակարգի վերաբերյալ Կանոնակարգը, ՀԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի կոնտինգենտի ղեկավարման մարմինների օպերատիվ և մարտական պատրաստության 2008թ. համատեղ Ծրագիրը և այլն: