Երեւան ժամանեց Ռումիանիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
9 Հոկտեմբերի, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 9-ին ՙԷրեբունի՚ օդանավակայանում տեղի ունեցավ եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռումիանիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը: Բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը` նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` Մ. Հարությունյանը նշեց, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ բավականին լավ փոխգործակցություն գոյություն ունի: Նախարարը համոզմունք հայտնեց, որ Ռումինիայի գործընկերոջ այցը եւ երկկողմանի բանակցությունները կունենան իրենց դրական արդյունքը: ՙՀամոզված եմ, որ բանակցային գործընթացն արդյունավետ կլինի՚,- ասաց Մ. Հարությունյանը:
Ռումիանիայի պաշտպանության նախարարն, իր հերթին, կարծիք հայտնեց, որ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: ՙՍակայն մեր ռազմական հարաբերությունների պոտենցիալն ավելի մեծ է, քան այն կա ներկայումս: Եւ իմ այցի նպատակը երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ համագործակցության լավագույն ուղիներ գտնելն է, որովհետեւ երկու կողմերի համար կան մտորելու ընդհանուր թեմաներ. օրինակ` Սեւծովյան ընդլայնված տարածաշրջանի անվտանգության խնդիրները, քանզի այն ներառում է նաեւ Հարավային Կովկասը: Նաեւ Հայաստանի մասնակցությունը ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ գործընթացում, ինչը մեզ հետաքրքրում է, քանզի ՆԱՏՕ-ի հաջորդ վեհաժողովն անցկացվելու է Ռումինիայում:
Բացի այդ, կարեւոր են մեր համատեղ միջոցառումները` միջազգային ահաբեկչության հետ պայքարում՚,- ասաց Ռումինիայի պաշտպանության նախարարը: Թ. Մելեշկանուն նշեց, որ ներկայումս երկկողմանի հարաբերությունները կենտրոնացած են երկու բանակների միջեւ փորձի փոխանակման եւ երկխոսության շուրջ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն հարցեր` կապված զինված ուժերի բարեփոխումների, երկու բանակների ռեսուրսների հնարավորինս օպտիմալ օգտագործման հետ: