Բարձր գնահատական` Իրաքում հայ խաղաղապահների ունեցած ներդրմանը
11 Հոկտեմբերի, 2007 00:00Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի օգնական Դեբրա Քեյգանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ –ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինան:
Կողմերն անդրադարձան հայ ամերիկյան երկկողմ ռազմական գործակցության ներկա փուլի զարգացումներին, խոսեցին ՀՀ զինված ուժերում ընթացող պաշտպանական բարեփոխումների և ԱՄՆ կողմից ՀՀ ԶՈՒ – ում իրականացվող օժանդակության ծրագրերի մասին:
ԱՄՆ Կառավարության և ժողովրդի անունից Դ.Քեյգանը խորը երախտագիտություն հայտնեց ՀՀ Կառավարությանն ու Պաշտպանության նախարարությանը` Իրաքում իրականացվող խաղաղապահ գործընթացներին հայկական զորախմբի ունեցած ներդրման համար: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը Իրաքում անձամբ է հանդիպել հայ խաղաղապահներին և գտնում է, որ նրանք քաջ և խիզախ զինծառայողներ են: