Հայաստանը և Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության 2008 թ. ծրագիրը

23 Հոկտեմբերի, 2007 00:00
Ս.թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասը ստորագրել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության 2008 թ. ծրագիրը։

«Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի Երևան այցի շրջանակներում մենք քննարկել ենք մեր համագործակցության ռազմական և ռազմա-տեխնիկական ուղղությունը», - ասաց Ս. Օհանյանը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող համատեղ այցից հետո։ ՀՀ ԳՇ պետի խոսքերով, համագործակցության ծրագիրը նախատեսում է փոխգործակցություն՝ կրթության, պաշտպանական բարեփոխումների և խաղարար գործունեության բնագավառներում, ձեռք են բերվել ընդհանուր պայմանավորվածություններ։ Կողմերը փաստեցին նաև, որ համագործակցության 2007 թ. ծրագիրն ամբողջովին կատարվել է։ «Հուսով եմ, որ այս այցը նույնպես կնպաստի երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս տարիների ընթացքում մեր ռազմական ուժերի և ժողովուրդների միջև ստեղծվել են բարեկամական և եղբայրական հարաբերություններ», - ընդգծեց Ս.Օհանյանը։ Գեներալ Դիմիտրիոս Ղրափսասն իր հերթին ընդգծեց, որ Հունաստանի Զինված ուժերը միշտ կլինեն Հայաստանի կողքին՝ ավելացնելով, որ երկու ժողովուրդների միջև գոյություն ունեն եղբայրական կապեր։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Օհանյանին՝ հրավերի և եղբայրական պետությունում գտնվելու հնարավորության համար, որի ժողովուրդը պաշտպանել է իր ազատությունը սեփական արյան գնով», - ասաց հույն գեներալը։ Նրա խոսքերով, գտնվելով Հայաստանում՝ ինքը հնարավորություն ունեցավ իր ձայնը միացնել Հայոց Ցեղասպանության փաստի առթիվ բողոքող հազարավոր հայերի ձայնին։ «Հուսով եմ, որ նման բան էլ երբեք չի կրկնվի։ Ես կարծում եմ, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին ուշադրություն դարձներ այս իրադարձություններին, ապա կարելի կլիներ խուսափել նման զոհերից», - ասաց Դ.Ղրափսասը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո։
  • Տարածել