ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանն ընդունեց ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը
7 Նոյեմբերի, 2007 00:00Ս.թ. նոյեմբերի 6-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորեցին ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Յու.Խաչատուրովը, գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանը և Ա.Նազարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի այլ ներկայացուցիչներ:
Ս.թ. նոյեմբերի 7-ին պատվիրակությունը պաշտոնական հանդիպում ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի հետ:
Հանդիպման սկզբում տեղի ունեցավ երկու երկների պաշտպանության նախարարների առանձնազրույց, այնուհետև պաշտոնական հանդիպումը շարունակվեց պատվիրակությունների կազմով:
Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ վերջերս Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահների միջև կայացած հանդիպումը մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունների խորացմանը, նաև խթան կհանդիսանա ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համար:
Ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը փոխշահավետ համագործակցություն զարգացնելու և փոխադարձ այցելություններն ակտիվացնելու վճռականություն հայտնեցին, ինչպես նաև տեսակետներ փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ երկու երկրները մշակութային բավական նմանություններ ունեն և կարող են համատեղ իրագործել ծրագրեր նաև ռազմական, ռազմատեխնիկական բնագավառներում:
Խոսելով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման մասին, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը նշեց, որ Իրանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է, այն է` խնդրի լուծում խաղաղ կարգավորման ճանապարհով:
Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև հայ-իրանական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին ու հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: