Պաշտպանության նախարարը իրավասու չէ
28 Նոյեմբերի, 2007 00:00ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. նոյեմբերի 27-ին մասնակցեց Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 53-րդ նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են ԱՊՀ մասնակից պետությունների կապի և ռադիոլոկացիոն բնագավառների, նաև հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի և դրա համադրող մարմնի` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համադրման կոմիտեի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:
Ամփոփվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքային մարմինների 2007թ. գործունեության արդյունքները: Ինչպես նաև հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2008թ. աշխատանքային պլանը:
Նիստի ավարտից հետո լրագրողների` ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ տված հարցին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պատասխանել է, որ ՙՄենք խաղաղ լուծման այլընտրանք չենք տեսնում: Մեր նախագահները բանակցություններ են վարում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ՚:
Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից մամլո ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը, թե ՙՔանի դեռ Հայսատանի կողմից շարունակվում է Ադրբեջանի տարածքների օկուպացումը, պատերազմի հավանականությունը գրեթե հարյուր տոկոս է՚, ՀՀ պաշտպանության նախարարը Մ.Հարությունյանը պատսախանել է. ՙՊաշտպանության նախարարն իրավասու չէ նման հայտարարություններ անել, երբ գերագույն գլխավոր հրամանատարները` մեր երկրների նախագահները, բանակացություններ են վարում խնդրի խաղաղ կարգավորման շուրջ՚:
Աստանայում ԱՊՀ պաշտպանության նախարարներին, ծրագրի համաձայն, ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանն առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի և Ղազախստանի պաշտպանության նախարար Դ.Ախմետովի հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 54-րդ նիստը Ղրղզստանի Հանրապետությունում անցկացնելու վերաբերյալ: