Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին
5 Դեկտեմբերի, 2007 00:00Ս.թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին և գեներալ Անտոնիո Զամբուկոյին` վերջինիս` ՀՀ-ում Իտալիայի ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին` հույս հայտնելով, որ երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում:
Նորանշանակ ռազմական կցորդը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարին բարեմաղթանքների համար և վերջինիս փոխանցեց Իտալիայի պաշտպանության նախարարի ջերմ ողջույնները:
Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև իրականացվող քաղաքական և տնտեսական երկկողմ համագործակցությանը` ընդգծելով այդ համագործակցությունը հատկապես ռազմական ոլորտում խորացնելու անհրաժեշտությունը:
Գեներալ Ա.Զամբուկոն պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀՀ զինված ուժերին ինչպես ԱԳԳԾ, այնպես էլ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների` մասնավորապես քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման շրջանակներում, նաև Մ.Հարությունյանին առաջարկեց խորացնել ռազմական համագործակցությունը հատկապես ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղարար գործունեության, ինչպես նաև սակրավորների և ռազմական օդաչուների պատրաստման ոլորտներում:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը:
Նախարար Մ.Հարությունյանը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանում տիրող իրավիճակը, մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ, ինչն, իր հերթին, փաստեց նաև նորանշանակ ռազմական կցորդը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: