Մեկ զոհը մեզ համար արդեն շատ է

8 Դեկտեմբերի, 2007 00:00
Ս.թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան, որտեղ ծանոթացավ զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկների և նրանց հարազատների հետ:

Հավաքակայանում Մ.Հարությունյանը զրուցեց սպաների, զինվորական բժիշկների հետ, լսեց առկա խնդիրները, տվեց հանձնարարականներ: Իսկ զորակոչիկների և նրանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը հավաստիացրեց, որ զորակոչի գործընթացը վերջին տարիներին իրականացվում է առավելագույն պատասխանատվությամբ, վերացվել են նախկինում տեղ գտած բացթողումները, գրեթե բացառվում են սխալ զորակոչի դեպքերը. զորակոչիկները ենթարկվում են մանրամասն ռազմա-բժշկական հետազոտման և ոչ մի հիվանդ երիտասարդ չի զորակոչվում զինված ուժեր: Նախարարը հավաստիացրեց նաև, որ սխալ զորակոչ իրականացրած սպաները կամ ղեկավարները կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ: Այնուհետև տեղի ունեցավ մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ, որի ժամանակ նախարարը նախ ողջունեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Ողջունում եմ Ձեզ: Ծրագրով նախատեսված մեր հանդիպումը պետք է կայանար անցյալ շաբաթ, սակայն անսպասելի մեկնեցինք զորքեր` այցելության: Ինչևէ, այսօր միասին շրջեցինք հավաքակայանում և տեսանք, որ ստեղծված են բոլոր պայմանները զորակոչիկներին ընդունելու և զինված ուժերը համալրելու համար: Նշեմ, որ այսօրվա դրությամբ 2007թ. աշնանային զորակոչը կատարվել է արդեն մոտ 70 տոկոսով և համոզված եմ, որ մինչև տարեվերջ այն կկատարվի 100 տոկոսով, ինչը և վստահեցնում է հանրապետության զինկոմը: Բազմիցս հնչեցված` զորակոչիկների առողջության հետ կապված խնդիրների առնչությամբ կարող եմ ասել, որ այս տարվա ցուցանիշներն ավելի գոհացնող են: Իհարկե կան դեպքեր, երբ քաղաքացիական բժշկական հանձնաժողովի ոչ ճիշտ որոշմամբ հիվանդ զորակոչիկը հայտնվում է կենտրոնական հավաքակայանում, սակայն համոզված եղեք, որ ռազմա-բժշկական հանձնաժողովն անում է ամեն ինչ, որպեսզի ոչ մի հիվանդ զորակոչիկ չզորակոչվի: Զորակոչից հետո, հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը, գնդապետ Ա.Մինասյանի գլխավորությամբ, արդեն զորքերում, կրկին ուսումնասիրելու է մեր զինվորների առողջական վիճակը. հիվանդ զորակոչիկի զորակոչի և ոչ մի դեպք չի մնում անպատիժ: Ես` որպես պաշտպանության նախարար, չեմ ցանկանում ունենալ և ոչ մի հիվանդ զինվոր: Մենք արդեն զորակոչում ենք 1988-89թթ. ծնված տղաներին, ժամանակ, երբ մեր պետությունը ծանր կացության մեջ էր, երկրում կային բազմաթիվ խնդիրներ. երկրաշարժը, որին հաջորդեց ԽՍՀՄ փլուզումը, պատերազմը և կենցաղային վատ պայմաններն իհարկե իրենց ազդեցությունն ունեցան մեր այսօրվա երիտասարդների առողջության վրա: Սա պատճառ չէ, սակայն, հիվանդ երիտասարդին բանակ զորակոչելու համար»: Ողջույնի խոսքից հետո Մ.Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին` մասնավորապես նշելով, որ մենք այսօր զորակոչի` քանակական առումով խնդիրներ չունենք, բայց իհարկե գիտենք, որ հետագայում, ծնելիության անկման պատճառով, զորակոչիկների թիվը նվազելու է, ուստի որոշում ընդունեցինք բանակի մի մասը համալրել պայմանագրային հիմունքներով: Մենք ունենք զորամասեր, ստորաբաժանումներ, որոնք արդեն համալրված են պայմանագրային հիմունքներով զինվորներով: Պայմանագրային հիմունքներով զինծառայողներն այսօր իրենց պարտքը կատարում են սահմաններում, մարտական դիրքերում և պետք է ասեմ, որ նույնիսկ լավ: Բացի այդ որոշում ենք ընդունել նաև պայմանագրային հիմունքներով համալրել սերժանտական կազմը. այս աշխատանքները կսկսվեն 2008թ.-ից: Առաջին հերթին կիրականացվի դասակի հրամանատարների տեղակալների համալրումը, ինչը կամրապնդի բանակի մարտունակությունը: Այսպես մենք կլրացնենք այն բացը, որը կարող է առաջանալ մի քանի տարի անց: Այն հարցին, թե արդյո±ք սխալ զորակոչի համար բժիշկները պատժվում են, նախարարը պատախանեց, որ չկա մի դեպք, երբ բժիշկը սխալ քայլ կատարի և չպատժվի: Նման դեպքերը հայտնաբերվում են ռազմա-բժշկական հանձնաժողովի կողմից և վերջինս է որոշում, թե ում մեղքով է հիվանդ զորակոչիկը հայտնվել զորքերում: Իհարկե բացառությամբ այն դեպքերը, երբ զինվորը հիվանդությունը ձեռք է բերել զորքերում: Այս դեպքում արդեն պատասխանատու է տվյալ զորամասի հրամանատարը: Նման դեպքեր եղել են. զորամասում հիվանդության տարածման համար պատժվել են դասակի, վաշտի, գումարտակի և նույնիսկ գնդի հրամանատարներ: Նոր գնված նախագահական ինքնաթիռի վերաբերյալ հարցին նախարարը պատասխանեց, որ այն գնվել է ցածր տոկոսադրույքով տրամադրված վարկով և ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեի հետ որևէ առնչություն չունի: Իսկ վարկի մարմամբ զբաղվելու է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Նախարարը փաստեց, որ պաշտպանության նախարարության 2008թ. բյուջեն 20 տոկոսով գերազանցում է նախորդ` 2007թ. բյուջեին. այդ ծախսերն ուղղված են` 1. բանակի մարտունակության բարձրացմանն ու ամրապնդմանը, 2. ռազմական տեխնիկայի և սպառազինության արդիականացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը: Նախարարն հավելեց, որ 2008թ. զինծառայողների աշխատավարձն ավելանալու է 10 տոկոսով. սպայական կազմի միջին աշխատավարձը կազմելու է 182.000 դրամ, ենթասպայական կազմինը` 110.000 դրամ, իսկ ծառայողների միջին աշխատավարձը` մոտ 90.000 դրամ: «Ծախսերն ուղղված են լինելու նաև զինծառայողների բնակարանային խնդիրների լուծմանը. այսօր այս խնդիրը դեռ ամբողջությամբ լուծված չէ: Այնպես որ, կարծում եմ բյուջեի նախատեսված միջոցների ճիշտ օգտագործման դեպքում զինված ուժերը կկատարեն ևս մեկ քայլ` նշված խնդիրները լուծելու ուղղությամբ: Ընդունված է ասել, թե ինչքան գումար էլ հատկացնես բանակին, միևնույն է, քիչ է, սակայն ասեմ, որ այն հատկացումը, որը կատարում է պետությունը` ՀՆԱ-ի 3,5 տոկոսը, մենք կստանանք ամբողջությամբ: Համոզված եմ ասում, որովհետև 2007թ.-ին զինված ուժերը ֆիանանսական առումով որևէ խնդիր չեն ունեցել»: Բանակում կարգապահության վերաբերյալ լրագրողի հարցին նախարարը պատասխանեց. մենք անում ենք ամեն ինչ` բանակում կարգապահությունն ամրապնդելու համար և ասեմ ավելին, ինձ համար և պաշտպանության նախարարության ղեկավարության համար մեկ զոհը, մեկ մահն արդեն շատ է: Դրանք խիստ պակասել են, բայց, ցավոք սրտի, դեռ կան: Այսօրվա ցուցանիշներն անհամամեմատելի են նախորդ տարիների ցուցանիշների հետ: Այն հարցի վերաբերյալ, թե ծնող-զինկոմիսարիատ, ծնող-հավաքակայան հարաբերություններում հաճախ մեքենայություններ են արվում, Մ.Հարությունյանը կոչ արեց բոլոր ծնողներին և հարազատներին ոչ մի դեպքում չգնալ նման քայլերի, իսկ նման դեպքում պատասխանատու զինծառայողը կպատժվի օրենքի ամենայն խստությամբ:
  • Տարածել