Հայաստանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորն է
14 Դեկտեմբերի, 2007 00:00Ս.թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանն ԱԺ–ի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը։ Նախագծի մշակման ընթացքում աշխատանքային խումբը հանգամանորեն ուսումնասիրել է միջազգային փորձը՝ նպատակ չունենալով փաստաթղթում ներդնել որեւէ երկրի մոդել, այլ, օգտագործելով առավել արդյունավետ մոտեցումներն ու մեթոդները, ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որն առավելագույնս կհամապատասխանի մեր ազգային արժեքներին ու առանձնահատկություններին, ինչպես նաեւ ընդունելի կլինի միջազգային հանրության համար։
Մեթոդաբանական առումով փաստաթղթում ներդրվել են միջազգային չափանիշներն ու մոտեցումները, բովանդակային առումով այն մշակվել է՝ ելնելով Հայաստանի եւ մեր տարածաշրջանի առանձնահատկություններից՝ ազգային անվտանգության ռազմավարության հիման վրա։ Փաստաթղթի կառուցվածքն ու բովանդակությունը պայմանավորված են նաեւ բարեփոխումների փուլի առանձնահատկություններով։
Մ. Հարությունյանը նշեց, որ գործուն փաստաթուղթ դառնալու համար ռազմական դոկտրինը պետք է հաշվի առնի պետության եւ հասարակության զարգացման տրամաբանությունը, քանի որ բանակը հասարակության մի մասն է եւ չի կարող զարգանալ նրանից անկախ. «Հայաստանը որդեգրել է ժողովրդավարացման, բարեփոխումների եւ համաեվրոպական արժեքների ներդրման ուղին, ուստի մենք մեր երկրի ռազմական անվտանգության ապահովումը դիտարկում ենք ժողովրդավարական, իրավական պետության կառուցմամբ, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմամբ եւ քաղաքացիական հասարակության կայացմամբ։ Այդ պատճառով ռազմական դոկտրինում հատուկ ուշադրություն է դարձվել զինված ուժերի՝ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը, ԱԺ-ի դերի բարձրացմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը։ Դա անհրաժեշտ է բանակն ավելի թափանցիկ եւ մարտունակ դարձնելու, բանակ-հասարակություն կապը, հասարակության հոգածությունն ու վստահությունը բանակի նկատմամբ այդպիսով ամրապնդելու համար: Դոկտրինի դրույթները հնարավորություն են ընձեռում իրականացնել զինված ուժերի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված եւ համաեվրոպական ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեփոխումներ, ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ, ապահովել կայուն եւ շարունակական զարգացում։ Փաստաթուղթը ներառում է ռազմական անվտանգության ապահովման բոլոր ասպեկտները։ Նախագիծը բաղկացած է նախաբանից, չորս բաժիններից եւ ամփոփիչ դրույթներից։
Նախաբանում սահմանվում է «ռազմական դոկտրինի հասկացությունը եւ փաստաթղթի կառուցվածքը, մատնանշվում վերջինիս մշակման հիմքերը, մեկնաբանվում բնույթն ու նպատակը։ Այն նաեւ Հայաստանի՝ որպես ԼՂՀ ժողովրդի անվտանգության եւ զարգացման ուղու երաշխավորը լինելու հստակ հիմնավորումներ է պարունակում։ Առաջին բաժինը նկարագրում է Հայաստանի ռազմական անվտանգության միջավայրը, վերհանում դրանից բխող սպառնալիքները եւ սահմանում ռազմական անվտանգության ապահովման ուղիները։ Ռազմական անվտանգության սպառնալիքները փաստաթղթում դասակարգվել են՝ ելնելով դրանց արտաքին բնույթից։ Սպառնալիքների եւ վտանգների՝ ժամանակին բացահայտումն ու գնահատումը, դրանց զարգացման կանխատեսումը, կանխումը, կասեցումն ու չեզոքացումը պայմանավորում են ռազմական անվտանգության ապահովման հիմնական ուղիները, ինչպես նաեւ ռազմական անվտանգության ապահովման ազգային եւ միջազգային երաշխիքների ստեղծումը։ Երկրորդ՝ «Հայաստանի պաշտպանական ռազմավարությունը" բաժինը մշակվել է սկզբունքներ, նպատակներ, խնդիրներ ձեւաչափով։
Պաշտպանական ռազմավարությունը Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ գործունեության համակարգ է, որը ձեւավորում է Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը։ Այն առաջնորդվում է Հայաստանի կենսական զարգացման առաջնահերթություններին համապատասխան սկզբունքներով։ Նախագծում սահմանվել են ռազմական անվտանգության ապահովման անրհաժեշտությունից բխող նպատակները, հստակեցվել են դրանց իրականացման համար ռազմական անվտանգության համակարգին առաջադրված խնդիրները։ Այս բաժինը ներառում է նաեւ միջազգային ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, որտեղ ներկայացված են այդ համագործակցության նպատակներն ու ուղղությունները։
Երրորդ՝ «Ռազմական անվտանգության համակարգը" բաժինը սահմանում է այս համակարգի կառուցվածքը, ղեկավարման եւ գործունեության ձեւերը, ինչպես նաեւ ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական ապահովման եղանակները։ Այս բաժինը հայեցակարգային առումով նախանշում է Հայաստանի պաշտպանությունը նախապատրաստելու գործունեությունը, զինված ուժերի կառուցվածքը՝ ներառյալ զորքերը, ղեկավարումն իրականացնող պետական մարմինները, զինված ուժերի գործառույթները, տեղաբաշխման գործոնները, օգտագործման հիմքերն ու ձեւերը։ Բաժինն անդրադառնում է նաեւ ռազմական անվտանգության համակարգի ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական ապահովման խնդիրներին։
Չորրորդ՝ «Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումները" բաժինը ներկայացնում է անվտանգության համակարգի, մասնավորապես՝ զինված ուժերի բարեփոխման եւ արդիականացման ընդհանրական ծրագրերը, այս ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը, բարեփոխումների նպատակն ու խնդիրներն ըստ ոլորտների։ Դրանք հիմնված են հետեւյալ գերակայությունների վրա. զինված ուժերի արդիականացում եւ մարտունակության ամրապնդում՝ ժամանակակից չափանիշների ներդրմամբ, Հայաստանի ռազմական անվտանգության ապահովում՝ իրական եւ հնարավոր ռազմական սպառնալիքների չեզոքացմամբ, զինված ուժերի միջազգային անվտանգության ապահովման մասնաբաժնի ստեղծում՝ միջազգային անվտանգության տարբեր կառույցների հետ փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմամբ, զինված ուժերի կայուն եւ համակողմանի զարգացման ապահովում՝ թափանցիկ եւ արդյունավետ համակարգերի ներդրմամբ։
Զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ փաստաթղթում ներկայացված ծրագրերը մշակվել են միջազգային փորձի ուսումնասիրմամբ, տարբեր միջազգային ծրագրերով ստանձնած պարտավորությունների եւ անհրաժեշտությունների հիման վրա։ «Ռազմական դոկտրինը ոչ թե զուտ ռազմական, այլ՝ ռազմաքաղաքական բաց փաստաթուղթ է։ Այն չի մանրամասնում, օրինակ, զինված ուժերի խնդիրները մարտավարական մակարդակում, այլ զուտ հայեցակարգային հիմնավորումներ է ապահովում դրանց մշակման համար, ուստի դոկտրինում արտացոլված սկզբունքներն ու տեսակետները պետք է առարկայացվեն համապատասխան օրենքներով, իրավական այլ ակտերով եւ պլանավորման փաստաթղթերով, որոնք կամբողջացնեն փաստաթուղթը։ Մեր նպատակն է ստեղծել ռազմական անվտանգության ապահովման գործուն եւ արդիական համակարգ՝ մարտունակ, ժամանակակից սպառազինությամբ զինված, բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությամբ, վերահսկելի եւ մնացած բոլոր չափանիշներով 21-րդ դարի պահանջներին համապատասխանող զինված ուժեր,–ասել է Մ. Հարությունյանը։
ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանն էլ տեղեկացրեց, որ դոկտրինի նախագիծը մշակվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում ստորագրված անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում, որը չի պարտադրվել մեզ, այլ` Հայաստանը որդեգրել է ծրագրում նշված նպատակները՝ ծրագրի մշակման ժամանակ նպատակ ունենալով օգտվել բարեկամ երկրների փորձից, որպեսզի փաստաթուղթն ավելի կատարյալ լինի. «Կարեւոր է, որ մենք փաստաթղթում ամրագրում ենք, որ Հայաստանի զինված ուժերը, մնալով իրենց հիմնական երկու առաքելության մեջ՝ սահմանների պաշտպանություն եւ զսպող առաքելություն, անկախ իրենց տեղակայման վայրից շարունակելու են լինել ԼՂ անվտանգության երաշխավորը։ Եթե մեր տարածաշրջանի բոլոր երկրներն ունենան նման բաց փաստաթուղթ, ապա այն հնարավորություն կտա «Գործընկերություն՝ հանուն խաղաղության" ծրագրի շրջանակում համագործակցության միջոցով գնալ դեպի խաղաղություն։ Ադրբեջանն իր դոկտրինը մշակելու ժամանակ հստակ պնդել է, որ դոկտրինում ամրագրվի հետեւյալ դրույթը՝ եթե ԼՂ խնդիրը չկարգավորվի խաղաղ ճանապարհով, Ադրբեջանի զինված ուժերն այդ խնդիրը կարող են լուծել ռազմական ճանապարհով, բայց դա հավանության չի արժանացել անգամ բարեկամ երկրների կողմից, եւ Ադրբեջանի ռազմական դոկտրինը լուրջ քննադատության է ենթարկվել ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից։ Այս առումով մեր փաստաթուղթը բաց փաստաթուղթ է:
Ա. Աղաբեկյանը տեղեկացրեց, որ շուտով ԱԺ-ում քննարկվելու է «Պաշտպանության մասին" օրենքը, որում հստակ ամրագրվում են հանրապետության, կառավարության, ԱԺ-ի, պաշտպանության նախարարի լիազորությունները։ Նա կարեւորեց հատկապես այն փաստը, որ չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանը գնում է բարեփոխումների ճանապարհով, որովհետեւ ճիշտ բարեփոխումների դեպքում մեր զինված ուժերը շարունակելու են իրականացնել իրենց հիմնական՝ զսպող առաքելությունը անկախ ԼՂ խնդրի կարգավորված կամ չկարգավորված լինելուց, եւ մեր քաղաքական իշխանություններին հնարավորություն են ընձեռելու խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը։ Դոկտրինը քննարկվել է նաեւ ՀՀ կառավարությունում։ ՀՀ նախագահի խորհրդական Վ. Սարգսյանի խոսքով՝ ընդունված ժամանակացույցի համաձայն՝ մինչեւ տարեվերջ, նախագիծը կքննարկվի նաեւ ազգային անվտանգության խորհրդում, որից հետո կընդունի ստորագրված փաստաթղթի տեսք։ Մ. Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց նաև ուսումնասիրել պատգամավորների բոլոր առաջարկությունները։