Քննարկվել են «Ռուբեժ 2008» զրավարժության անցկացման նախապատրաստական խնդիրներ
25 Հունվարի, 2008 00:00Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2008 թվականի ծրագրի և «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման ծրագրի համաձայն ս.թ. հունվարի 22-ից 25-ը Հայաստանում էր գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միավորված շտաբի աշխատանքային խումբը` ՀԱՊԿ միավորված շտաբի ծրագրերի համակարգման, զինված ուժերի նախապատրաստման և կիրառման վարչության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Չուվակինի գլխավորությամբ:
Երևանում անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում մշակվել է «Ռուբեժ 2008» զորավարժության անցկացման մտահղացումը, ժամանակացույցը, համաձայնություն է ձեռք բերվել զորավարժության տեղեկատվական կենտրոնի ստեղծման վերաբերյալ:
ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրասմտան ծրագրի շրջանակներում Երևան ժամանած ՀԱՊԿ միավորված շտաբի աշխատանքային խմբի անդամներին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Դավթյանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի տարածքում համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման նախապատրաստման խնդիրներ: