2007թ. տարեկան արդյունքների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ամփոփիչ պարզաբանումները «Զինուժ» հեռուստածրագրին
23 Հունվարի, 2008 00:00Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2007թ. ուսումնական տարվա պլանով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են: Կարելի է ասել, որ մեր բանակը ևս մեկ աստիճանով բարձրացրել է իր մարտական պատրաստականությունը և պատվով կատարել իր առջև դրված խնդիրները, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը, երաշխիք է հանդիսացել նաև Արցախի ժողովրդի համար և պատասխանատվությամբ իրականացրել է խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում և Իրաքում: Այսօրվա միջոցառումների առանձնահատուկ բնույթն ու դրանց պատասխանատու կերպով կազմակերպված իրականացումը ևս անգամ փաստում է, որ մեր զինված ուժերը ոչ միայն կայացած են, այլ հաստատուն կերպով առաջընթաց են ապրում:
Մարտական պատրաստականության բոլոր միջոցառումները նպատակաուղված են եղել ցանկացած ժամանակահատվածում, ցանկացած պայմաններում մարտական խնդիրների կատարմանը, զորքերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելուն: Կարելի է ասել, որ նաև համապատասխան աշխատանք է տարվել ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ և այսօր մեր զորքերը մարտունակ են, ի վիճակի են խնդիրներ իրականացնել: Այսօր մենք հիմնականում մտածում ենք մեր երկրի պաշտպանության, նաև հնարավոր ագրեսիայի հետ մղման համար և այդ համատեքստում պաշտպանության հետ մեկտեղ կարող ենք իրականացնել ցանկացած կանխարգելիչ միջոցառումներ, հակագործողություններ, հակահարձակումներ և այլն: Այդ ամենի հիմքում բավականին մեծ ուշադրություն ենք դարձրել ղեկավար մարմինների պատրաստությանը, առավելապես օպերատիվ և շտաբային պատրաստությանը, կատարելագործվել են հրամանատարների և շտաբների ունակությունները գործողություններ, մարտեր կազմակերպելու, մշակելու ուղղությամբ: Հատկապես ուշադրության կենտրոնում է եղել ղեկավարման և տեղանքում աշխատելու ժամանակ փոխգործակցության կազմակերպման խնդիրները: Եվ փաստ է, որ մեր զինված ուժերն այսօր ունեն հմուտ հրամանատարներ, որոնք հաստատուն կերպով կարողանում են իրենց զորքը ղեկավարել և տանել դեպի մեր առջև դրված խնդիրների կատարմանը: Իհարկե, այսօր որպես մարտական խնդիր դրված է մեր սահմաններում մարտական հերթապահության իրականացումը, մեր զինվորը և մեր հրամանատարը դա քաջ գիտակցում են, ստեղծված են համապատասխան պայմաններ, որպեսզի զինվորն անվտանգ, և բացի դրանից` նաև համապատասխան ինժեներական սարքավորումներով, սպառազինությամբ իրականացնի իր առջև դրված խնդիրները: 2007-ին բավականին ծավալուն աշխատանք է տարվել նաև մեր պաշտպանական համակարգի, ինժեներական կառույցների հագեցման, դիրքերի էշելոնացման, խորացման ուղղությամբ:
Մեր ուշադության կենտրոնում եղել է զորքերի պատրաստությունը և դրան զուգահեռ տարվող դաստիարակչական աշխատանքները: Անցկացված բոլոր զորավարժությունները ցույց են տալիս, որ, իրոք, մենք ի վիճակի ենք տարբեր մարտական գործողությունների ժամանակ կատարել մեր առջև դրված խնդիրները: Զորավարժությունների ընթացքում` բացի հիմնական խնդիրներից, բարձրանում են զինվորների մասնագիտական հմտությունները, զինծառայողների և ստորաբաժանումների դաշտային` գործնական վարժվածությունը. մենք պետք է զորքերին սովորեցնենք այն, ինչ անհրաժեշտ է մարտական գործողությունների ժամանակ: Ամրապնդվել է կարգապահությունը, առաջին հերթին` շնորհիվ անցկացված բոլոր միջոցառումներին զուգահեռ ընթացող դաստիարակչական աշխատանքների:
Բավականին մեծ աշխատանք է տարվել մեր զորամասերի, ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխությունների, անձնակազմի համալրման, նաև` պայմանագրային հիմունքներով զինծառայողներով, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման, համալրման, հագեցման ուղղությամբ: Ժամանակակից համազորային մարտի ելքը որոշում են երկու գործոններ: Առաջինն անձնակազմն է, զինվորը, իսկ երկրորդն, իհարկե, սպառազինությունը և ռազմական տեխնիկան: 2007թ-ին, կարելի է ասել, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի հագեցման ու արդիականացման ուղղությամբ բավականին ծավալուն աշխատանք է տարվել և բավականին պաշարներ ենք կուտակել:
Բանակի հրամանատարության, ղեկավարության ուշադրության կենտրոնում են եղել նյութատեխնիկական ապահովման խնդիրները, զինծառայողների բնակկենցաղային, սոցիալական ապահովության խնդիրները, Սա, իհարկե, ոչ միայն բանակի խնդիրն է, տարեցտարի այդ աշխատանքների ծավալն ավելանում է, մեր պետությունը ուշադրության կենտրոնում է պահում զինծառայողների, ազատամարտիկների, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները: Այս ամենն, իհարկե, նպաստել են մեր զորքերի մարտունակության բարձրացմանը:
2007թ-ին ՀՀ նախագահի` զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից հաստատվել է պաշտպանական բարեփոխումների ծրագիր-ժամանակացույցը և մեր զինված ուժերն այնպիսի աստիճանի են հասել, որ դրանց զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ են բարեփոխումները: Ուզում եմ փաստել, որ մենք կուրորեն չենք գնում բարեփոխումների իրականացմանը, մենք արժևորում ենք այն բոլոր ավանդույթները, այն բոլոր լավ կողմերը, որ եղել են բանակի կայացման, արցախյան գոյապայքարի ժամանակ: Մեր բանակի և մեր պետության կայացման առանձնահատկություններից շատ-շատերն այսօր հարիր են աշխարհի մեծ պետություններին և հզոր բանակներին: Ուսումնասիրելով առաջատար երկրների բանակների փորձը` վերցնում ենք լավագույնը:
Իհարկե եղել են նաև շատ ու շատ բացթողումներ, այդ բացթողումներից շատերի մասին չենք կարող բարձրաձայնել, շատերից տեղյակ է մեր հասարակությունը, դա առօրյա կյանքում էլ երևում է: Մենք մեր ունեցած հաջողություններից, կարելի է ասել գլուխներս չենք կորցնում, այլ լուրջ ենք մոտենում հայտնաբերված թերությունների վերացմանը: ՊՆ Կոլեգիայի վերջին նիստում, արդյունքների ամփոփման ընթացքում, տեղի է ունեցել քննարկում այդ խնդրի շուրջ, լուրջ աշխատանք ենք ծավալելու թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ: