Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

28 Հունվարի, 2008 00:00
Հունվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Բանակի օրվա առիթով:

Հայրապետական շնորհավորական խոսքում մասնավորապես ասվում է. «Բանակի Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերկրառատ հոգով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին և համայն մեր ժողովրդին:

Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ մեր պետականության վերականգնման պայքարում ծնունդ առած հայոց բանակը հասակ է առել, կազմավորվել ու զորացել և այսօր արի ոգով ու առ հայրենին սիրով, մարտունակ ու պատրաստված` խաղաղության մեջ պաhպանում է մեր Հայրենիքի սահմանները: Այսօր ի սփյուռս աշխարհի մեր ժողովուրդը, որ իր ջանքերն ու նվիրումն է բերում մեր Հայրենիքի առաջընթացի ու հզորության համար, հպարտ է նաև, որ հայոց բանակը իր արժանի մասնակցությունն ունի աշխարհում խաղաղության պահպանման առաքելության մեջ: Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնառաք խաղաղությունը հաստատվի համայն աշխարհում և մարդկանց հոգիներում: Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքը, Իր օրհնության ու շնորհի ներքո պահպանի զորաց և զորականաց մեր բանակի` Քրիստոսասեր հոգով և նվիրյալ ծառայությամբ շարունակելու հայ զինվորության ազնիվ ու պանծալի ավանդները` ի փառս մեր Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու»:
  • Տարածել