«Հատուկ գնդի վետերաններ» հասարակական կազմակերպությունը խոհեմության է կոչում
2 Փետրվարի, 2008 00:00Հարատևման ճանապարհին հայ ժողովուրդը միշտ եղել է իրատես, ճիշտ կողմնորոշվող… հազարամյակներ ի վեր մեր ազգը գոյատևել է իր ամրակուռ հոգևոր արժեքների շնորհիվ: Մենք ուժեղ ենք մեր ճկուն բանականությամբ, մարտունակ մտածողությամբ, ինչպես նաև ազգային, հոգևոր արժեքները գնահատելու կարողությամբ:
Մինչդեռ այսօր աղավաղվում, ոմանց կեղծ ազգասիրության քողի տակ ոտնահարվում են ազգային հարատև արժեքները … Բնական է, նախագահական ընտրությունների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր ունեն հակադիր, երբեմն չափազանց ծայրահեղ մոտեցումներ, ծրագրեր, ինչով և փորձում են պղտորել հասարակական մթնոլորտը` չգիտակցելով, որ այդպիսով ապակողմնորոշում են ժողովրդին: Սա խիստ անընդունելի է. պայքարը պետք է ունենա տրամաբանական ընթացք և ավարտ, լինի քաղաքակիրթ, արժանապատիվ` նույնիսկ դիմադրության դեպքում: Երբևէ չպետք է թույլ տալ, որ ոմանք «հեղինակություն» ստեղծեն կամ «հարգանքի» արժանանան ստեղծված արժեքների նսեմացմամբ:
Վերջին օրերի միտինգային ելույթներում ամբոխավարությամբ և ազգախաբությամբ զբաղվող որոշ մարդկանց հնչեցրած անհարկի արտահայտություններ լուրջ մտահոգություն և վրդովմունք են առաջացրել ազատամարտիկների, մասնավորապես «Հատուկ գնդի» վետերանների շարքերում. մարդիկ, ովքեր իրենց ներդրումն ունեն պետականության կայացման գործում: Տեղի-անտեղի շահարկվում է նաև Վազգեն Սարգսյանի անունը, նրա և նրա ընտանիքի հասցեին հնչում են անհարգի արտահայտություններ: Խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածու, պարո’ն Արտաշես Գեղամյան, Ձե’զ. դո’ւք, որ ունակ եք և ձգտում եք վեր բարձրանալ ազգային արժեքներ ոտնահարելով, մյուսների հասցեին ցեխ շպրտելով: Հարկ է հիշեցնել, որ հաղթող երկրի ու բանակի Սպարապետը` այդ նույն Վազգեն Սարգսյանը, որի անմար հիշատակը ցանկանում եք նսեմացնել և որի անգնահատելի ջանքերի շնորհիվ է, որ ազգն այսօր մտածում է ոչ թե պատերազմելու, ազատագրվելու, այլ զարգացման, բարեկեցության մասին, ունի մարտական փառավոր անցյալ: Ի վերջո, ազգային, հոգևոր արժեքները կասկածի տակ առնելը կամ ոտնահարելը Աստվածահաճո գործ չէ ... Այդ կերպ ե՞ք պատկերացնում առաջնորդել, համախմբել ժողովրդին: Այդպես կարելի է միայն պառակտել:
Թող հակադրվեն գաղափարներն ու սկզբունքները, սակայն ազգայինն ու ժողովրդականը պետք է մնան աձեռնմխելի` որպես մասունք: Ժողովուրդն է գնահատական տվողը: Իսկ ժողովուրդն արդեն տվել է իր գնահատականը` Վազգեն Սարգսյանին կոչելով Սպարապետ: «Հատուկ գնդի» վետերանները դիմում են բոլոր քաղաքական ուժերին և անհատներին` եղեք խոհեմ ու ազնիվ, ձեր քաղաքական ելույթներում մի փորձեք արատավորել ժողովրդի նվիրյալների արժանապատվությունը, մանավանդ, երբ անուրանալի է նրանց սուրբ գործը:
«Հատուկ գնդի վետերաններ» միություն