Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին
5 Փետրվարի, 2008 00:00Ս.թ փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սեյեդ Ալի Սաղայիանին և ռազմական կցորդ, գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեիին:
Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը շնորհավորեց դեսպանին` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում:
Դեսպանն, իր հերթին, Մ.Հարությունյանին փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի շնորհավորական ուղերձը ՀՀ պաշտպանության նախարարին:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին վերջինիս խորացման անհրաժեշտությունը:
Մ.Հարությունյանն անդրադարձավ նաև երկու երկրների միջև վաղուց արդեն ձևավորված առևտրական հարաբերություններին, մասնավորապես սննդամթերքի բնագավառում` ըդգծելով Իրանից Հայաստան ներկրվելիք բուսական յուղը:
Կողմերը հույս հայտնեցին, որ դարերի ընթացքում ձևավորված վստահության մթնոլորտն այսուհետ ևս հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ գոյակցության: Ինչպես նաև փաստեցին, որ տնտեսական ու քաղաքական ոլորտներում ունեցած մեծ ձեռքբերումներով ամրագրված հայ-իրանական հարաբերություններում լուրջ խթան են հանդիսանում մեր երկու երկրների ժողովուրդների եղբայրական հարաբերությունները:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը: