Մ.Հարությունյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ
7 Փետրվարի, 2008 00:00Ս.թ փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակությանը` ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի եվրաատլանտյան ինտեգրման և գործընկերության դիրեկտորատի տնօրեն Յարոսլավ Սկոնիեչկայի և ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի ուժերի պլանավորման վարչության տնօրեն Ֆրենկ Բոլանդի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը ողջունեց հյուրերին` նշելով, որ ՆԱՏՕ-ի տարբեր ներկայացուցիչների պարբերական այցելությունները տարածաշրջան, մասնավորապես Հայաստան, վկայում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն շարունակական հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանային զարգացումների նկատմամբ:
Նախարարը նշեց նաև, որ շոշափելի է ՆԱՏՕ-ի դերը տարածաշրջանում և, որ վերջինիս հետ բազմատարր համագործակցության զարգացումը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի: Մ.Հարությունյանը փաստեց, որ կազմակերպությունը մեծ ներդրում ունի միջազգային անվտանգության և կայունության ապահովման գործում, ինչի վկայությունն է Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքոելությունը:
Հայաստանը բարձր է գնահատում կազմակերպության ջանքերը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման գործում, ինչի ապացույցն է ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) և ՆԱՏՕ-ի ՙՊլանավորման և վերանայման գործընթացի՚ (PARP) գործընկերության նպատակների կիրառումը:
Նախարարը նկատեց նաև, որ ավարտված կարելի է համարել ԱԳԳ ծրագրի իրականացման առաջին` երկամյա փուլը, որի արդյունքները կքննարկվեն ապրիլ ամսին` 26+1 ձևաչափով Հյուսի-Ատլանտյան դաշինքի նիստի ընթացքում, իսկ այս տարի կսկսվի արդեն նոր գործընթաց` պաշտպանության ռազմավարական վերանայումը:
Նախարարը հավաստիացրեց, որ հայկական կողմը հաստատակամ է պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու որոշման հարցում և հույս հայտնեց, որ համագործակցությունը հաջորդ երկու տարիների ընթացքում ավելի կընդլայնվի` ընդգրկելով նոր ոլորտներ:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում: