Մ.Հարությունյանն այցելեց սահմանային զորամասեր
11 Փետրվարի, 2008 00:00Զինծառայողների բնակարանային խնդիրները միշտ էլ եղել են ՀՀ Կառավարության և պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Օրերս ՀՀ պաշտպանության նախարարի` հյուսիս-արևելյան սահմանագոտի կատարած շրջայցը ուրախ նպատակ էր հետապնդում. Նոյեմբերյանում և Իջևանում սպաների համար նախատեսված բնակելի շենքերի բացման արարողությունն էր:
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարի առաջին կանգառը սահմանային գոտում տեղակայված զորամասերից մեկն էր, որտեղ նա եղավ նոր կառուցված զորանոցում, ստուգեց կատարված աշխատանքները, համապատասխան ծառայությունների պատասխանատուների հետ քննարկեց կահավորմանն առնչվող խնդիրներ:
Մ.Հարությունյանը, նորակոչիկների հետ հանդիպման ընթացքում, զրուցեց նրանց առողջական վիճակի, ծառայությանը հարմարվելու խնդիրների մասին, այնուհետև մասնակցեց զորամասի տարածքում վերջերս հիմնովին վերանորոգված և զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի հանդիսավոր բացման արարողությանը:
Բնակարանամուտ տոնող 40 զինծառայողների Միքայել Հարությունյանը հանձնեց բնակարանների վկայագրեր. պահն, ինչ խոսք, հուզիչ էր, իսկ բնակարանատեր դարձած զինծառայողների խոսքերն անկեղծ էին և սրտաբուխ:
Այցի շրջանակներում նախարարը հանդիպեց նաև մարզի զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ, խոսեց նրանց խնդիրների մասին:
Մ.Հարությունյանը եղավ նաև սահմանագծում տեղակայված մարտական հենակետերից մեկում: Այստեղ պայմանագրային հիմունքներով ծառայություն են իրականացնում մեր սահմանապահները:
Նախարարը զրուցեց անձնակազմի հետ, խոսեց բարոյահոգեբանական մթնոլորտի մասին և խաղաղ ծառայություն մաղթեց նրանց:
Այնուհետև նախարարն ուղևորվեց Իջևան քաղաք, որտեղ ևս տեղի ունեցավ հերթական բնակելի շենքի բացման արարողությունը. բնակկենցաղային կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ 28 զինծառայողների ընտանիքների հանձնվեցին բնակարանների վկայագրեր: Նախարարը նկատեց, որ բնակարաններն հագեցած են բնակկենցաղային անհրաժեշտ պարագաներով, գազաֆիկացված են, ունեն նաև անհատական ջեռուցման համակարգ:
Բնակարանամուտ տոնող զինծառայողների կողմից ասված կամ չասված յուրաքանչյուր խոսք լի էր երախտիքի զգացումով:
Շրջայցի ավարտին նախարարն այցելեց սահմանագոտում տեղակայված ևս մեկ զորամաս, որտեղ սպայակազմի հետ ունեցած հանդիպման ընթացքում խոսեց զինծառայողների անձնական կյանքին և ծառայության ընթացքին առնչվող խնդիրների շուրջ:
Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ` զինծառայության պայմանները բարելավելու և սպայակազմի կյանքն առավել բարեկեցիկ դրաձնելու համար: